Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը և այն կքննարկի առաջնահերթության կարգով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դիմումը և այն կքննարկի առաջնահերթության կարգով։ Այդ մասին երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը պնդում է՝ եթե ՄԻԵԴ-ը դիմումը քննելու է առաջնահերթության կարգով, ուրեմն կարևորում է այն։

«Սահմանադրական կարգը տապալելը՝ այն հանցակազմը, որը նախատեսված է Հայաստանի քրեական օրենսգրքում, նման ձևով և բովանդակությամբ Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրներում գոյություն չունի, հետևաբար նման տեսակի խնդրի դեպքում իհարկե առաջնահերթությունը միայն տրամաբանական է։ Այսինքն՝ այս հարցի վերաբերյալ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է առաջնահերթության կարգ շնորհում, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատություն իրականացնող մարմինները [նախկին նախագահին կրկին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատավոր] Արմեն Դանիելյանի որոշումից հետո որևէ դատավարական գործողություն չեն կատարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդևանյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, մինչդեռ, նկատում է՝ ՄԻԵԴ-ը գործը դեռ վարույթ չի ընդունել, միայն փաստում է, որ դիմումը ստացել է:

Ինչպես փոխանցեց Կիրակոսյանը, այն կքննի 5-հոգանոց դատավորների խումբը:

«Դիմել են, դիմումը ստացել է դատարանը, դրա մասին է խոսվում, կարծում եմ, և հետագայում դատարանը պետք է նախ արդեն անդրադառնա ընդունելության հարցին, հետո ընդունում է հարցը քննության, արդեն կսկսի բուն հարցի քննությունը», - ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը կասեցրել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:

Քոչարյանին մեղսագրվում է հենց այդ հոդվածը՝ այն է՝ սահմանադրական կարգի տապալումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG