Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը կարող է ձգձգվել մինչև հինգ ամիս. Քոչարյանի պաշտպան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) խորհրդատվական կարծիքը կարող է ձգձգվել մինչև հինգ ամիս, ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը և պնդում՝ մինչև այդ կարծիքների ստանալը և Սահմանադրական դատարանի (ՍԴ) վերջնական որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի և նա ազատ արձակվի:

«Կլանավորումը կիրառելու համար պետք է լինի հիմնավոր կասկած և կալանավորման պայմանները։ Եթե հիմնավոր կասկածը առկա չէ, այլևս չէս էլ անդրադառնում պայմաններին։ Այս պարագայում հիմնավոր կասկածի առանցքը, մեխը հանդիսանում է Քրեական օրենսգրքի հոդվածը։ Այն հոդվածը, որը սահմանադրականության խնդիր ունի», - նշեց Վարդևանյանը։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։ Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Այս հոդվածի սահմանդրականության հարցը ՍԴ-ն պետք է քններ օգոստոսի 20-ին, սակայն այն կասեցված է և դատաքննությունը կսկսվի միայն միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո:

«Այս իրավիճակում մենք ոչ թե խոսում ենք քրեական գործի կամ քրեական հետապնդման դադարեցման մասին, այլ խոսքը գնում է խափանման միջոցի մասին։ Պատկերացրեք, եթե ի վերջո Եվրոպական դատարանից լինում է խորհրդատվական կարծիք առ այն, որ նշված նորմով առհասարակ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ այն այդ աստիճան անորոշ է և անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այդ ժամանակ այս տևական կալանավորման վերաբերյալ», - ընդգծեց Վարդևանյանը։

Նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանն «Ազատության» հետ հարցազրույցում նախօրեին տարակուսանք էր հայտնել, որ ՍԴ-ն ՄԻԵԴ է դիմել: Ջհանգիրյանն ասել էր, թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան իրավունք է տալիս դիմող պետությունների բարձրագույն դատական ատյաններին դիմել Եվրոպական դատարան կարծիք կամ տեսակետ ստանալու համար միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավունքների բովանդակության և դրանց կիրառման պրակտիկայի հարցերով:

«Ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը», - ասաց Ջհանգիրյանը:

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հակադարձեց, թե 300․1 հոդվածը անորոշ նորմ է և արդար դատաքննության իրավունքը խախտված է:

«Արդյո՞ք պարոն Ջհանգիրյանը տեղյակ է ինչ դիմում ենք մենք ներկայացրել, այսինքն ծանո՞թ է դիմումին։ Մեր դիմումով մենք ներկայացրել ենք մի քանի խնդիր. որոշակիություն, կանխատեսելիություն, անձի անձնական ազատության իրավունք, արդար դատաքննության իրավունք։ Եթե նորմը այնքան անհստակ է, ինչպես այս դեպքում 300.1-րդ հոդվածն է, այն զուտ սահմանադրության համապատասխանության խնդիր չի առաջացնում, այն նաև հենց կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածի ակնհայտ խախտման ռիսկ է պարունակում», - նշեց պաշտպանը։

Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էլ նշեց, թե քրեական հանցագործությունը պետք է պարզ ու որոշակի ձևով բանաձևել: Ասաց՝ Ֆրանսիայում սահմանադրական և քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել է և նրանք մինչ այսօր չեն հասկանում ինչ է նշանակում սահմանադրական իրավունքի տապալում:

Հիշեցնենք, Քերական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը պարզելու հարցով դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու ուղարկել Սահմանադրական դատարան։ Նույն հարցով Բարձր դատարան էին դիմել գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG