Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատրաստվում է ՄԻԵԴ ուղարկել Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը


Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Եվրոպական դատարան ուղարկել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ստրասբուրգի դատարանից ստացել են Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ փաստաթղթերը և մինչև դեկտեմբերի 4-ը կներկայացնեն իրենց դիրքորոշումը։

«Եթե դատարանը վարույթ սկսել է քննել կամ քննելու է գործը կամ արդեն կազմվել է Մեծ պալատը, որը պետք է դիմումը քննության առնի և տա խորհրդատվական կարծիք, իմիջայլոց խորհրդատվական կարծիքը, ըստ արձանագրության, դատարանի տված կարծիքը պարտադիր բնույթ չի կրելու ի տարբերություն վճիռների և որոշումների, որոնք կայացվում են արդեն կոնկրետ ընթացակարգերով, սա որևէ կերպ ոչ մի բան չի նշանակում ընդհանրապես էս փուլում։ Ըստ ընթացակարգի, նաև 16-րդ արձանագրության, նաև այն անդամ պետությունը, որի բարձրագույն դատական մարմինը դիմել է խորհրդատվական եզրակացությունը հայցելու խնդրանքով, այդ պետության կառավարությունը ևս իրավունք ունի ներկայացնելու դիրքորոշում», - նշեց Կիրակոսյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում քննելու են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը։

Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տալ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։

Քոչարյանն, ինչպես նաև նրա գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել Բարձր դատարան՝ խնդրելով ստուգել այս հոդվածի սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ էր ընդունել այս երկու դիմումները, սակայն գործը կասեցրել էր և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային այս երկու կառույցներին։

Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովն արդեն արձագանքել է՝ հայտնելով՝ պատրաստ է խորհրդատվական կարծիք հայտնել։ Հոկտեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ն է վարույթ ընդունել։

Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, այս դրույթը սահմանող հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

Նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով, Եվրոպական դատարանի դատավորները պետք է քննարկեն՝ արդյոք սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը վերաբերում է Քոչարյանին, թե ոչ։ Երկրորդ նախագահի փաստաբանները մեկ տարուց ավելի է պնդում են՝ 2009-ին Քրեական օրենսգրքում ներառված այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

«Մասնակի, այո, միայն այս հարցը չի, հարցերից մեկն է», - նշեց Խուդոյանը։

«Ազատության» հարցին, թե ո՞րն է մյուս հարցը, փաստաբանը պատասխանեց. «Այնտեղ հինգ հարց կա, էս պահին կդժվարանամ հիշել, հիմնական եթե ընդհանրացնեմ, խոսքը վերաբերում է՝ ինչպես է պետք գնահատել օրենքի հետադարձ կիրառելիությունը, այսինքն ոնց պետք է երկու հոդված փոխադարձաբար գնահատվեն և ինչպիսին պետք է լինի օրենքի որոշակիության չափանիշները կոնկրետ քրեական օրենքի դեպքում, որպեսզի չհակասի։ Օրինակ՝ ՄԻԵԴ-ը նախատեսում է առհասարակ օրենքի որոշակիության չափանիշներ, հիմա մեր Սահմանադրական դատարանը խնդրել է, որպեսզի կոնկրետացնեն՝ արդյոք այդ չափանիշները վերաբերում են կամ որոշակի առանձնահատկություն ունենք հենց կոնկրետ Քրեական օրենսգրքի նորմի մեկնաբանության վերաբերյալ, որը նույնանում է կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, որը նախատեսում է, որ անձը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե իր արարքը կատարման պահին համարվել է հանցագործություն»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեռևս փակագծեր չի բացում, թե կառավարությունը ինչ դիրքորոշում կհայտնի։ Կիրակոսյանը ընդգծեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի քննարկելու՝ արդյոք սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե ոչ։ Ըստ էության, Ստրասբուրգի դատարանը իր խորհրդատվական գնահատականի մեջ նշելու է՝ արդյոք Քոչարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, թե ոչ։

«Արդյոք կառաջանա հոդվածի խախտում, թե չէ, ենթադրենք էլի, այսինքն նմանատիպ մի բան, այսինքն դատարանը պետք է հիմա վերլուծի ներկայացված հարցը և տա իր գնահատականը նաև հիմնվելով, կարծեմ, իր իսկ նախադեպային իրավունքի վրա։ Այդպես կարող ենք մեկնաբանել նաև, չեմ ուզում շատ իրավական տեխնիկական հարցերի մեջ դնել, նաև, հա, ամեն դեպքում իր գնահատականը տալիս Եվրոպական դատարանը միմիայն միակ աղբյուրը, որի հիման վրա կարող է նա եզրակացություն տալ կամ միակ չափանիշը, որի հետ կարող է ինչ-որ բան համեմատել և դրա հիման վրա եզրակացություն անել, Եվրոպական կոնվենցիան է, տվյալ դեպքում ավելի կոնկրետ 7-րդ հոդվածն է, որի շրջանակներում դիտարկելու է, այսինքն 7-րդ հոդվածի մանրամասն տարբեր կոմպոնենտները, կանխատեսելիության հետ կապված, այսինքն զուտ իրավական ակտի, օրենքի համապատասխանությունը այդ դրույթներին, ոչ թե բուն գործով, այլ զուտ նաև օրենքի», - ասաց Կիրակոսյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կրելու է խորհրդատվական բնույթ՝ այսինքն՝ ենթակա չէ պարտադիր կատարման, շեշտում է Եղիշե Կիրակոսյանը։

Ստրասբուրգի դատարանի եզրակացությունից հետո նախատեսվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կվերսկսի Քոչարյանի գործի քննությունը՝ հրապարակելով իր որոշումը, թե նախկին նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե ոչ։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG