Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը։
Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։ Նախկին նախագահը, ինչպես նաև նրա գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել Բարձր դատարան՝ խնդրելով ստուգել այս հոդվածի սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ է ընդունել այդ երկու դիմումները, սակայն գործը կասեցրել է և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։
Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովն արդեն արձագանքել է, հայտնելով՝ պատրաստ է խորհրդատվական կարծիք հայտնել։
Հոկտեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ն է վարույթ ընդունել։ Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա սահմանող այդ հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
Միևնույն ժամանակ, Եվրոպական կոնվենցիայի տվյալ հոդվածում ասվում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:
Ըստ ՄԻԵԴ-ի, Մեծ պալատի նախագահը կողմերին ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 19-ը՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումները։ Այս հարցում որպես կողմ է ներգրավված նաև Հայաստանի Ազգային ժողովը։
Մանրամասները տես այստեղ.