Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահ երկրները «առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցությունների» կոչ են անում


Սլովակիա - ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի մասնակիցները, Բրատիսլավա, 5-ը դեկտեմբերի, 2019թ․
Սլովակիա - ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի մասնակիցները, Բրատիսլավա, 5-ը դեկտեմբերի, 2019թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հերթական անգամ ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, ուստի կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել:

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որում վերահաստատում են իրենց հավատարմությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությանը:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում ղարաբաղյան շփման գծում և միջազգային սահմանին բռնությունների համեմատաբար ցածր մակարդակը և արձանագրում, որ կողմերը լիարժեք օգտագործել են ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար, ինչպես պայմանավորվել էին արտգործնախարարները Վաշինգտոնում հունիսին տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:

«Մենք ողջունում ենք անցած մեկ տարում լարվածությունը թուլացնելու և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը, ինչպես կոչ էին արել համանախագահ երկրները 2018 թվականի դեկտեմբերի իրենց միլանյան հայտարարությունում և ինչպես համաձայնել էին անել դա նախարարները 2019 թվականի հունվարին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը», - ասված է հայտարարությունում: - «Մենք բարձր ենք գնահատում հումանիտար միջոցառումներ իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել էին առաջնորդները մարտին Վիեննայում տեղի ունեցած իրենց հանդիպմանը և որոնք առավել մանրամասն քննարկել էին արտգործնախարարները ապրիլին Մոսկվայում՝ խոսքը մասնավորապես վերջերս ավարտված լրագրողների փոխայցերի և հունիսի 28-ին գերիների միաժամանակ ազատ արձակման մասին է: Ընդգծելով, որ նման ջանքերը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ կարգավորմանը հասնելուն միտված առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում հավելյալ կոնկրետ հումանիտար և անվտանգային միջոցներ ձեռնարկել»:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով: Հաշվի առնելով սգացողների մարդկային սարսափելի տառապանքը, մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ օգնելու Միջազգային Կարմիր Խաչին՝ փոխանակելու կորած անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես պարտավորվել էին անել երկու առաջնորդները 2014 թվականի Փարիզի հոկտեմբերյան գագաթնաժողովին: Գնահատելով Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի էական ավանդը հրադադարը պահպանելու հարցում, մենք ընդգծում ենք Անձնական ներկայացուցչի մոնիտորինգային առաքելությունը ընդլայնելու մասին քննարկումների կարիքը, որը կողմերը համաձայնել էին անել 2016 թվականին», - ասված է հայտարարությունում:

Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունում են «Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թվականի սկզբին համանախագահների հովանու ներքո հանդիպելու մտադրությունը՝ ակտիվացնելու բանակցությունները խաղաղ կարգավորման հիմնական հարցերի շուրջ և նախապատրաստելու բարձր մակարդակի բանակցություններ»: Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ, վերհիշելով 2009 թվականին Աթենքում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը հետագայում հաստատվել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդում»: «Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, որոնք առաջարկել են համանախագահ երկրների նախագահները 2009-2012 թվականներին», - ասված է հայտարարությունում:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների և պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել», - նշված է հայտարարությունում:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզմունք են հայտնում, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է մնալ կայուն կարգավորմանը հասնելու ջանքերի անփոխարինելի կետ»: «Մենք կողմերին կոչ ենք անում համագործակցել միմյանց և Մինսկի խմբի համանախագահների հետ, ում հանձնարարում ենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը», - ասված է հայտարարությունում:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG