Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Բրատիսլավայում մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Մնացականյանը շնորհավորել է Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես Եվրամիության հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:

Մնացականյանը ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը, փոխանցում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Հայաստանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ:

XS
SM
MD
LG