«Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր», - այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Մնացականյանը հավելել է՝ բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին. «Ունեցանք որոշ համեստ արդյունք անցյալ ամսվա ընթացքում և այդ ուղղությամբ աշխատել շարունակելն, իհարկե, մեզ համար կարևոր ու հետաքրքրական է: Հավասարաչափ կարևորություն եմ տալիս, ընդգծում եմ այն նշանակությունը, որը տալիս ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը», - ասաց նախարարը: