Մատչելիության հղումներ

Լավրովը գոհ է Բաքվում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններից


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե հույսով է, որ վաղը Բրատիսլավայում ինքը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլի մեկնարկ կտան:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին գոհունակություն է հայտնել երեկ Ադրբեջանի նախագահի և այսօր արտգործնախարարի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններից՝ ասելով․ «Իմ երեկվա և այսօրվա շփումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ արդյունք կլինի»:

Ասուլիսի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, ինչպես նաև այլ հումանիտար միջոցառումները նաև ռուսական նախաձեռնությունն էր, որի մասին ոչ պաշտոնական փաստաթուղթ էր ընդունվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը:

Բաքվում Լավրովը վերաձևակերպել է Երևանում նոյեմբերի 11-ին արած հայտարարությունը: Հիշեցնենք՝ Լավրովն ասել էր․ «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել»:

Այսօր էլ Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է․ «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի այս հողում ապրող մարդկանց համար՝ Ադրբեջանում, Ղարաբաղում և Հայաստանում ապրող մարդկանց համար»:

Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում ակտիվ առաջ էր տանում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական համայնքի հարցը: Սերգեյ Լավրովն այսօր ընդգծել է, թե կարևոր է, որ միմյանց հետ սկսեն շփվել նաև Ղարաբաղում ապրող հայերն ու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, արդյունքում Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու այսուհետ:

Համատեղ մամուլի ասուլիսին Մամեդյարովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, մասնավորապես, նշել է, թե զորքերը պետք է հետ քաշվեն շփման գծից, փախստականները վերադառնան իրենց մշտական բնակավայրեր, սկզբից՝ հինգ շրջաններ, հետո՝ երկու, հետո՝ հենց Ղարաբաղ: Նա նաև հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է անվտանգության հետ կապված հատուկ զեկույց նախապատրաստեն: Մամեդյարովը հույս է հայտնել, որ վաղը Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը հայաստանցի պաշտոնակցի հետ կկարողանան բանակցային նոր փուլի մեկնարկ տալ:

Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հավելել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:

Ասուլիսին հարց է հնչել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք չվաճառելու՝ Հայաստանի վարչապետի վերջերս արած կոչի մասին, որին Լավրովը պատասխանել է, թե ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ոլորտներից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նա նշել է, որ այն թափանցիկ է, և ամեն դեպքում հաշվի է առնվում տարածաշրջանում սպառազինության բալանսը:

XS
SM
MD
LG