Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու՝ Քոչարյանի և մյուսների միջնորդությունը


Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների դատական նիստ, 19-ը նոյեմբերի, 2019թ. Երևան
Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների դատական նիստ, 19-ը նոյեմբերի, 2019թ. Երևան

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների միջնորդությունը՝ գործից հեռացնել դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք օրենքով նախատեսված ընթացակարգով ներկայացնելու են իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջնորդությունները. «Բնականաբար, ակնկալելու ենք, որ այս դատական համակարգից ու դատարանից կոնկրետ և այս դատախազությունից մենք անձի իրավունքների հարգման ականատես չենք լինելու, բայց դա մեզ ետ չի պահել միջնորդությունները ներկայացնելուց», - նշեց նա։

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանի փաստաբանական խումբն էր անցած շաբաթ նման միջնորդություն արել։ Նրանք հայտարարել էին, որ գործի մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Պետրոսյանը անցած մեկուկես տարվա ընթացքում, երբ նախաքննական մարմնի կողմից խախտվում էին նախկին նախագահի իրավունքները, ոչինչ չի ձեռնարկել դրանք վերացնելու համար։ Քոչարյանի փաստաբաններին էին միացել մյուս ամբաստանյալների՝ նախկին նախագահի ենթականեր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի փաստաբանները։

Այսօրվա դատական նիստում ելույթներ ունեցան տուժող կողմի ներկայացուցիչներն ու դատախազները։ Նրանք բոլորն առարկեցին Քոչարյանի միջնորդությանը։ Տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը նախ հարցրեց՝ այդ ինչպե՞ս կարող էին Քոչարյանի որդիները դեռ չափահասության չհասած այդքան հարստություն ունենալ։

«Դրանք հարցեր են, որոնք պետք է քննվեն դատարանում», - ասաց Սաֆարյանը՝ նշելով՝ այդ հարստության ցանկը կազմում է 4 էջ։ Փաստաբանն այսկերպ անդրադարձավ Քոչարյանի կողմի այն պնդմանը, թե քննիչի որոշմամբ անգամ որդիների գույքի վրա են կալանք դրել, ինչն իրավունքի խախտում է։

Նույն այս դատավոր Աննա Դանիբեկյանն ամիսներ առաջ որոշել է, որ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքով խախտվել են երկրորդ նախագահի իրավունքները։

«Գույքի վրա արգելանք դնելու հանգամանքը բացառապես չի կարող դիտարկվել դատախազի կողմնակալության դրսևորման արդյունք և հանգեցնի բացարկի հիմքի», - ասաց Սաֆարյանը։

Նա անդրադարձավ Քոչարյանի փաստաբաններից մեկի այն դիտարկմանը, թե քննիչը կեղծել է 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանի և Քոչարյանի հնարավոր առերեսման մասին արձանագրությունը։ Ըստ փաստաբանների, ցուցմունքեր տալուց հրաժարվող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել այդ առերեսմանը, մինչդեռ քննիչը գրել է, որ նրանց միջև առերեսում եղել է։

«Ձևակերպված է հարց, տրվեց պատասխան, որից հետո պարոն Քոչարյանը լքեց սենյակը, իրականությանը եթե այդ արձանագրությունը համապատասխաներ, պետք է լիներ՝ հարցը չտրվեց, որովհետև պարոն Քոչարյանը լքեց սենյակը։ Քննիչը հարցն իր ձեռքով գրում էր այդ արձանագրության մեջ, երբ մենք դուրս էինք գալիս սենյակից, այնուհետև ինքն այդ հարցը հնչեցրել է, հավանաբար Արշակ Կարապետյանն այդ հարցին պատասխանել է այն պայմաններում, երբ իրենք արդեն սենյակում երկուսով էին, ինչը չի կարող համարվել առերես հարցաքննություն», - ասաց Խուդոյանը։

Սեդա Սաֆարյանը հարցրեց՝ Քոչարյանի կողմն ինչպե՞ս է հիմնավորելու Քոչարյանի կողմից հարցաքննության սենյակն առանց թույլտվության լքելը. - «Ի սկզբանե հասկանալի չի եղել Ռոբերտ Քոչարյանի որդեգրած քաղաքականությունն առերես հարցաքննության առումով, և նա հրաժարվել է անգամ ստորագրել կոնֆոնտրացիայի իրավունքից քննիչի բացատրած տեքստի տակ, հրաժարվել է պատասխանել նաև այն հարցին, թե Կարապետյանին ճանաչում է, թե ոչ, և առերես հարցաքննության ժամանակ պնդվել է Կարապետյանի խոսքը, ինչը քննիչը չէր կարող չարձանագրել», - նշեց Սաֆարյանը։

Փաստաբանը, որ տարիներ առաջ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամն էր, դատարանում նաև հայտարարեց՝ եթե փետրվարի 23-ին Քոչարյանին հայտնի է եղել, թե ինչ պիտի լիներ մարտի 1-ի վաղ առավոտյան, ապա այդ ամենը եղել է նախապատրաստված։ Նա այս կերպ անդրադարձավ մյուս կողմի պնդումներին, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գործել են օրենքի շրջանակում՝ փորձելով լուծում տալ 2008-ի նախագահական հետընտրական իրադարձություններից հետո մայրաքաղաքում ստեղծված լարված իրավիճակին։

«Կոնկրետ 2008թ. փետրվարի 24-ից երբ որ քրեական գործով առկա էին, որ զրահատեխնիկան, զորքը տեղաշարժվել են Հայաստանի Հանրապետության և մեր մասը կազմած Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան, երբևէ զանգվածային անկարգությունններ կատարած լինելու վերաբերյալ որևէ բան չէր կարող հայտնի լինել Ռոբերտ Քոչարյանին, և այն, ինչ որ կատարվել է, և քրեական գործում առկա է, և ինչից խուսափում են, որպեսզի հրապարակվի, դրանք վկայում են այն մասին, որ կատարվել է հանցագործություն։ Եթե Ռոբերտ Քոչարյանին հայտնի է եղել, որ մարտի մեկին այդպիսի բաներ են լինելու, ուրեմն հետևողական պատրաստվել է նաև մարտի մեկի այդ ամբողջը՝ վաղ առավոտից մինչև երեկոյան ժամը մեկը ընկած ժամանակահատվածը, և որևէ վրիպում այդ առումով թույլ չեն տվել», - ասաց Սաֆարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանին գործից հեռացնելու դեմ հանդես եկավ նաև Մարտի 1-ի 9 զոհերի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Հայտարարեց՝ դատախազը հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ, և որ ինքը պաշտպանական կողմից չլսեց որևէ առարկայական նկարագրություն դատախազի կողմից թույլ տված խախտումների մասին։ Ըստ Եգորյանի, դատախազը որքան էլ որ պարտավոր է հսկողություն իրականացնել, դատարանում նա դառնում է կողմ։

«Եթե նախաքննության ընթացքում և նախաքննությունից դատաքննության անցման ընթացքում մեղադրանք է ներկայացվում նախաքննության նյութերի թաքցնելու կապակցությամբ, սա լրիվ ուրիշ հարց է, սա բացարկի հարց չէ, ձեզ կապացուցեմ, բացարկ չպիտի ներկայացվի, իսկ եթե կա կասկած, որ տեղի է ունեցել նախաքննություն, կան նախաքննության ընթացքում ձեռքբերված այնպիսի ապացույցներ, որոնք դատախազի հսկողության ներքո, նրա իմացությամբ և համաձայնությամբ թաքցվել են, դատարան չեն ներկայացվել, քրեական գործից հանվել են, սա քրեորեն հետապնդելի արարք է», - ասաց նա։

Իրենց խոսքն ասացին նաև տուժողներն ու զոհերի հարազատները։ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց, որ կողմ են, որ դատախազ Պետրոս Պետրոսյանն իր գործը հասցնի ավարտին։

Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ եթե դատախազը պաշտպանական կողմի դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում ունի, դա հիմք չէ նրան գործի քննությունից հեռացնելու համար։ Դատախազը պարզաբանեց՝ անգամ Եվրոպական դատարանն է նման դիրքորոշում հայտնել. - «Մեղադրող Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է և իրականացրել է քրեական գործով լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովող հսկողություն»։

Քոչարյանի և նրա նախկին ենթակաների մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հավելեց՝ ներկայացվածը որևէ աղերս չունի իր հետ։

Այսօրվա դատական նիստին ներկայացել էր Քոչարյանի ֆրանսիահայ փաստաբան Սևակ Թորոսյանն, ով կողմերի միջև միջադեպից հետո լքեց նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG