Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի մասով ձեռք են բերվել բավարար ապացույցներ. ՀՔԾ


Սեյրան Օհանյանի պաշտպանը փոխանցեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել պարզաբանելու մեղադրանքը՝ իրենց համար այն հասկանալի չէ։

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների քրեական գործի նախաքննությունը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով ավարտվել է, գործի նյութերն ուղարկվել են կողմերին՝ ծանոթացման։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերված ապացույցները համարել է բավարար Հայաստանի երկրորդ նախագահի և մյուսների մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում։

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ փաստաբանները միջնորդել էին նյութերին ծանոթանալու համար տրամադրել 76 աշխատանքային օր, սակայն քննիչը որոշել է 50 օր տրամադրել:

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ստացել է գործի նյութերը, այժմ ուսումնասիրում են այն և չի բացառվում՝ միջնորդություններ ներկայանցնել նախաքննական մարմին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում կրկին պնդեց իրենց այն տեսակետը, որ սահմանադարկան կարգը տապալելու հոդվածը 2008-ին գոյություն չուներ, ուստի և Քոչարյանին առաջադրված այս մեղադրանքը սխալ է։

«Այն պարզ պատճառով, որ նախատեսված հոդվածով, նախատեսված հանցակազմի հատկանիշներով որևէ անձի չի կարող մեղադրանք առաջադրվել», - ասաց Խուդոյանը։

Ըստ Խուդոյանի՝ Քոչարյանը երկրորդ մեղադրանքը ևս չի ընդունում։

Հիշեցնեմ՝ Հատուկ քննչական ծառայությունը անցած ամռանը հայտարարեց ձեռքբերած ապացույցների մասին, որոնց համաձայն 2008-ին Հայաստանի ղեկավարությունը Սահմանադրության խախտմամբ փաստացի հաստատել է ռազմական դրություն, Զինված ուժերն օգտագործել քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Եվ որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։ Ըստ նախաքննական մարմնի, այդ հրամանով էլ Զինված ուժերը անցել են զորանոցային վիճակի, ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով, զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, 2008-ի մարտի 1-ի երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Այս ամենի հետևանքով զոհվել է 10 մարդ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, մինչդեռ պնդում են՝ 0038 հրամանի բովանդակությանը Քոչարյանը տեղյակ չի եղել։

«Ինքը այդ մասին, բնականաբար, ինֆորմացիա չունի, թե կոնկրետ իրավիճակում սապնությունների հանգամանքները ոնց են եղել։ Առ այսօր, իմ կարծիքով, ոչ մեկ նման ինֆորմացիա չունի՝ ինչ հանգամանքներում են մահացել այդ անձինք։ Ինչ վերաբերում է Զինված ուժերի կիառմանը, հենց իր հրահանգով նախատեսվում էր, որ այդ Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է ներկա լինեին, մայրաքաղաքում իրականացնեին իրենց գործառույթները», - ասաց փաստաբանը։

Ըստ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահի փաստաբան Խուդոյանի, Զինված ուժերը 2008-ին մայրաքաղաքում իրականացրել են պետական կառույցների պահպանություն։ Ավելին, նրանք կարող էին ներգրավվել և աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանության գործում։ Խուդոյանի խոսքով, ՀՔԾ-ն պետք է զբաղվեր 10 զոհերի սպանության հանգամանքով, ոչ թե Քոչարյանի և մյուսների կողմից սահմանադրական կարգը տապալելու հանգամանքը քննելով։ Փաստաբանի գնահատմամբ, չկան ապացույցներ այն մասին, որ զինված ուժերը կրակել են ցուցարարների վրա։

«Հատուկ քննչական ծառայությունը, այս պահի դրությամբ, մեզ առնվազն որևիցե տվյալ չի ներկայացրել, որ 10 անձանց մահվան հանգամանքների մեջ մեղավորություն ունի Զինված ուժերի ստորաբաժանումները», - ընդգծեց Խուդոյանը։

Մինչդեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 11-ին ասուլիսում հայտարարեց՝ իրենք ունեն ապացույցներ, որ բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, ամբողջ ծավալով մասնակցել այդ գործողություններին։

2008-ին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նրա դեպքում ևս խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ազատությանը» փոխանցեց, իրենք միջնորդություն են ներկայացրել պարզաբանելու մեղադրանքը՝ իրենց համար այն հասկանալի չէ։

«Մի քանի դրվագներով պարզ չի, օրինակ, մեղադրանքում նշված չի և մեզ պարզ չի, թե սահմանադրական կարգի տապալումը, երբ է սկսվել և երբ ավարտվել, որ ժամանակահատվածում է, որ, ըստ մեղադրանքի, սահմանադրական կարգը տապալված է եղել։ Ընդհանրապես նշված չի սահմանադրական կարգի տապալման հետ կապված իրականում Սեյրան Օհանյանի մասնակցությունը, այնտեղ գործողություններ են կոնկրետ նկարագրվում, դրանց առընչությունը Սեյրան Օհանյանին», - նշեց փաստաբանը։

Փաստաբանն ասաց նաև, որ մինչև մեղադրյալ ներգրավվելը խախտվել է Սեյրան Օհանյանի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Անցած ամռանից մինչև դեկտեմբերի 26-ը որևէ կարգավիճակ չունեցող Օհանյանին թույլ չեն տվել մեկնել Վրաստան։

«Դեկտոմբերի 21-ին իր գործընկերոջ՝ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարի ծննդյան արարողությանը ցանկացել է գնալ, պայմանավորվել են, սահման է հասել, պարզվել է, որ արգելված է նրան Հայաստանից դուրս գալը։ իրականում նա շատ վատ կարգավիճակի մեջ է հայտնել։ Հետո մենք հարցումներ արեցինք, պարզվեց, որ դեռևս հուլիսի 11-ից էդ խափանման միջոցը փաստացի կիրառված է եղել ՀՔԾ-ի կողմից, սակայն ՀՔԾ-ից չեն հայտնում, թե ում կողմից է դրված։ Իրավական համակարգում նման բան չէր կարող տեղի ունենալ», - նշեց Կարեն Մժլումյանը։

2008-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովը ևս մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Անցած ամռանը դատարանը որոշեց չկալանավորել նրան՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց։

2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Հատուկ քննչական ծառայությունը դատարան էր միջնորդել կալանավորել նրան, բայց դատարանը խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գործի նյութերը ուսումնասիրելուց հետո կհայտնեն իրենց տեսակետը, բայց ի սկզբանե հայտարարեց՝ չկան ապացույցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG