Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանը կարծում է՝ ՌԴ-ում գտնվող Միքայել Հարությունյանը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների՝ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի գործով այսօրվա դատական նիստը ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։

Դատավարության մեկնարկից հետո արդեն երկրորդ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Մինչդեռ փաստաբանները պնդեցին՝ Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։ Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ Աննա Դանիբեկյանը մեկ այլ գործով գրավ է կիրառել ամբաստանյալի նկատմամբ այն դեպքում, երբ ընդունել է, որ առկա է գործին խոչընդոտելու կասկած։ Քոչարյանի դեպքում, սական, դատավորն արդեն երկրորդ անգամ մերժում է գրավ կիրառել։

Ըստ Ալումյանի, Դանիբեկյանն իր այդ գործով վկայակոչել է Եվրոպական կոնվենցիան, այսինքն՝ լավ ծանոթ է միջազգային պրակտիկային, իսկ իրենց դեպքում չի առաջնորդվում միջազգային պրակտիկայով և Հայաստանի Սահմանադրական դատարանի նախադեպերով։ «Ինչո՞ւ Քոչարյանի դեպքում Դուք այդ նույն մոտեցումը չդրսևորեցիք։ Սա է մեզ հիմք տվել ասելու, որ Դուք երկակի մոտեցում եք դրսևորում` կախված նրանից, որ այս դեպքում ամբաստանյալը Քոչարյանն է», - հայտարարեց փաստաբան Ալումյանը։

«Մինչև պարոն Քոչարյանի գործը այդպիսի դատավորներից մեկը Դուք էիք, ով գտնում էր, որ թեև ներպետական օրենքը խոչընդոտելու հավանականության դեպքում գրավի կիրառումը չի թույլատրում, բայց Եվրոպական կոնվենցիան է առաջնահերթ, և կիրառում էիք Եվրոպական դատարանի վճիռները», - ասաց նա՝ նշելով, որ դատավորը երկակի մոտեցում է դրսևորում։

Ըստ նրա, այս դեպքում դատավորը կիրառել է տրամագծորեն հակառակ մոտեցում, ինչն էլ իրենց մտահոգել է:

Մինչդեռ տուժողները, նրանց ներկայացուցիչներն ու դատախազները պնդեցին՝ դատավորը կողմնակալ չէ և չպետք է բացարկ ներկայացնի։

Մարտի 1-ի զոհերից Քոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշեց, որ փաստաբաններն անընդհատ նույն բանն են ասում՝ ինքնաբացարկ գրավի դիմաց: «Ամբաստանյալ Քոչարյանը երեկ չէ առաջին օրը շատ լավ հայտարարություն արեց, որ ես կողմ եմ շուտափույթ հասնենք դատական հիմնական փուլ: Այստեղ ես տեսնում եմ շահերի բախում՝ փաստաբանները մի բան են ասում, ամբաստանյալ Քոչարյանն ասում է, որ շահագրգռված է, որ մտնի դատական փուլ: Ես կողմ եմ մեր մեղադրող կողմին մերժել ինքնաբացարկը»,- ասաց նա:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նկատեց, որ պաշտպանական կողմն անընդհատ շեշտադրում էր անում նրա վրա, որ դատավորը նույն նորմը տարբեր գործերով և այս գործով կիրառել է տարբեր մեկնաբանություններով, սակայն դրա հիմքում չկա այն մեկնաբանությունը, որ խափանման միջոց գրավը կիրառելի չէ այն դեպքերում, երբ արձանագրված է խոչընդոտելու ռիսկ։

«Ինչ վերաբերում է այն փաստին, որ դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ և վերջին որոշմամբ խափանման միջոց գրավի կիրառումը հնարավոր չի համարել, թեև արձանագրել է, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է, ապա այս կապակցությամբ պետք է փաստել, որ նվազած ռիսկը, եթե նույնիսկ դատարանն այդպես է գտել, չի նշանակում, որ այն հնարավոր է չեզոքացնել այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ դասական նիստին գրավով ազատ չեք արձակել, հետևաբար մի քննեք սույն քրեական գործը, սա հակասում է գրավի ինստիտուտին ու բացարկի ինստիտուտի վերաբերյալ միջազգային իրավական, ներպետական իրավական կարգավորումներին, հետևաբար պաշտպանական կողմի միջնորդությունը հիմնավոր չէ, խնդրում ենք այն մերժել», - հայտարարեց դատախազը։

Մյուս միջնորդությունն առնչվում էր Քոչարյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկին: Փաստաբանները պնդեցին՝ դատախազը կալանքից չի հանել Քոչարյանի գույքն այն դեպքում, երբ նույն այս դատավորը հաստատել էր իրենց պաշտպանյալի իրավունքների խախտումները։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը թվարկեց իրենց կողմից արձանագրված խախտումները։

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն են խախտվել, նրան և նրա ընտանիքին պատկանող տարածքներից գործի հետ չառնչվող իրեր են առգրավվել, անգամ դատավոր Աննա Դանիբեկյանն այլ գործով ճանաչել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով դատախազի գործելակերպին, խոսեց Մարտի 1-ի բուն գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող, 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի մասին։

«Առանցքային անձանցից մեկն այս գործով, անձ, որը կապված է 0038 հրամանի հետ, դուք քրեական գործում չեք գտնի Միքայել Հարությունյանի ցուցմունքը, հարցաքննելու ձև չկար, գտնվում էր Մոսկվայում, դրա համար գոյություն ունի փոխադարձ իրավական օգնության մասին կոնվենցիա, որի շրջանակներում նա կարող էր հարցաքննվել։ Եվ նա կարող էր շատ հարցերի պատասխանները տալ, որում այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Միանգամից կանխորոշելով, որ կարող են վաղը տարածել, թե Ռոբերտ Քոչարյանն իր մեղքը գցում է Հարությունյանի վրա, ոչ, Ռոբերտ Քոչարյանը միշտ ասել է, որ այն հրամանը, որ ստորագրել է Հարությունյանը, ընդունում է այդ հրամանի բոլոր դրույթները, չի ժխտում»,- ասաց նա։

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատախազներն ու տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չհասցրեցին դիրքորոշում հայտնել։ Դատական հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 19-ին։

Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG