Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը՝ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, արխիվ

«Մարտի1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Այդ մասին գրությունը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) օրերս է ստացել Ռուսաստանից, «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ 2002 թվականից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:

«Լրացուցիչ հարցում է ուղարկվել՝ պարզելու, թե Միքայել Հարությունյանը երբվանից է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի», - նշեց Մարինա Օհանջանյանը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հարությունյանը հետախուզման մեջ է հայաստանյան իրավապահների կողմից: Հենց նրա ստորագրությունն է դրված հույժ գաղտնի 0038 հրամանի տակ, որով, ըստ ՀՔԾ-ի, բանակը 2008-ին ներգրավվել է Երևանում ծավալված ընդդիմության հանրահավաքները ցրելու գործողություններում:

Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել էին Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

Իրավաբան Գևորգ Գյոզալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանը, հղում անելով Սահմանադրությանը, իր քաղաքացուն չի արտահանձնի, բայց հայաստանյան իրավապահները կարող են նրա մասով քրեական գործն ուղարկել Ռուսաստան։

«Նրանց մոտ հստակ կա արգելք, որ նա ենթակա չէ այլ պետության հանձնման։ Այսինքն՝ նա իր քաղաքացուն պահելու է այսպես թե այնպես, բայց եթե իր քաղաքացին այլ երկրում հանցագործություն է կատարել, ապա այդ համապատասխան փաստաթղթերն ու մնացած ամեն ինչը, համագործակցելով այդ երկրի իրավապահների հետ, դա չի նշանակում, որ նա ազատվում է այդ հանցագործության համար պատասխանատվությունից։ Այստեղ խնդիր է ուղղակի, որ նրանց իրավապահ մարմիններն են քննելու այդ գործը՝ ներառյալ դատարանը», - նշեց Գյոզալյանը։

Գյոզալյանի կարծիքով, Միքայել Հարությունյանը 2008-ին, երբ գլխավորում էր Հայաստանի զինված ուժերը, չէր կարող հանդիսանալ Ռուսաստանի քաղաքացի. «Ենթադրվում է, որ ոչ, որովհետև Ռուսաստանի պաշտպանության նախարարը ի պաշտոնե նաև պետական գաղտնիքներին է տիրապետում և եթե այդ սահմանափակումը կա կոնկրետ դատավորի նկատմամբ, առավել ևս պետք է լինի նրա նկատմամբ»։

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն իր հերթին նշում է՝ եթե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ստացել է մինչ պաշտպանության նախարար նշանակվելը՝ որպես ԶՈՒ Գլխավոր Շաբի պետ, ապա, ըստ փաստաբանի, Հարությունյանը պետական և ծառայողական գաղտնիքին ծանոթանալու համար պետք է կառավարությունից թույլտվություն ստանար որպես օտարերկրյա քաղաքացի։ Գրիգորյանի խոսքով, եթե մինչ այսօր Հայաստանի պետական մարմինները Հարությունյանի Ռուսաստանի քաղաքացիության մասին տեղյակ չեն եղել, ապա ՌԴ քաղաքացիությունը իր պաշտոնավարման ընթացքում ստացած լինելու դեպքում նա կոպիտ կերպով խախտել է պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը և սա նույնպես պետք է Անվտանգության մարմինների քննության առարկան դառնա։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Հարությունյանը խախտել է Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, որոնք արգելում էին մինչև 2007 թվականը լինել նաև այլ պետության քաղաքացի։

«Պաշտպանության նախարար էր, նախքան դա գլխավոր շտաբի պետ էր։ Ըստ էության, օրենքը, չգիտեմ Հայստանի Սահմանադրությունը կամ պաշտպանության մասին օրենքը կամ կառավարության մանսին օրենքը չեն արգելում, որ պաշտպանության նախարարը լինի նաև այլ երկրի քաղաքացի։ Դա ողջամիտ տրամաբանությունն է արգելում։ Այն ժամանակ գործող օրենսդրությունը չէր արգելում, որ պաշտպանության նախարարը լինի նաև այլ պետության քաղաքացի, դա արգելում էր ողջամիտ տրամաբանությունը։ Հետագայում նաև դա ամրագրվեց Հայաստանի Սահմանադրությունում ու մի շարք օրենքներում, բայց դա արդեն տեղի ունեցավ ավելի ուշ։ Դա տեղի ունեցավ վերջին տարիներին։ Ըստ էության, մենք գործ ունենք մի իրավիճաի հետ, երբ Հայստանի պաշտպանության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձը նաև այլ պետության քաղաքացի է և դրանով իսկ պարտավորված էր գործել նաև այլ պետության շահերից», - նշեց Իոաննիսյանը։

Միքայել Հարությունյանը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, ընդգրկված է ընտրողների ռեգիստրում, հետևաբար նաև Հայաստանի քաղաքացի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG