Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Բելառուսը անկախ պետություն է և կշարունակի ամրապնդել իր ինքնիշխանությունը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Բելառուսը անկախ պետություն է և կշարունակի ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչ գնով էլ լինի», - երեկ ուկրաինացի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Համոզված վճռականությամբ հերքելով Ռուսաստանի հետ միավորվելու մասին վերջերս առավել հաճախ հնչող պնդումները՝ Լուկաշենկոն միաժամանակ խոստովանել է, որ այդպիսի մտահոգություն նաև ինքն է ունեցել և ստիպված է եղել ուղիղ հարց բարձրացրել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

«Ես ձեզ համար հիմա մի գաղտնիք կբացեմ, երբ մենք Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք այդ պրոբլեմը, ի դեպ, ես էի հարցը բարձրացրել, և նրան հենց ուղիղ տեքստով ասացի՝ «եթե կարծում ես, թե մենք կարող ենք մտնել Ռուսաստանի կազմի մեջ կամ ինչ-որ կերպ միավորվել Ռուսաստանի Դաշնության հետ և դառնալ մեկ պետություն՝ հանիր այդ միտքը գլխիցդ», - պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի այս հայտարարություններից շաբաթներ առաջ ռուսական «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել էր Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը, պնդելով, թե սեպտեմբերի սկզբին երկու երկրների վարչապետներն արդեն իսկ դրա շուրջ համաձայնության են եկել: Ըստ այդ փաստաթղթի, առաջիկա տարիներին Բելառուսի ու Ռուսաստանի տնտեսությունների մի շարք ոլորտներ , այդ թվում՝ հարկայինն ու մաքսայինը, ամբողջությամբ միավորվելու են, ձևավորվելու են բանկային և էներգետիկ ոլորտները կարգավորող միասնական մարմիններ: «Տնտեսությունների մակարդակում, փաստորեն, գործ ունենք համադաշնային պետության ստեղծման հետ», - գրել էր մոսկովյան պարբերականը:

Լուկաշենկոն, մինչդեռ, երեկ պնդել է՝ անկախությունից մեկ թիզ անգամ չի զիջի: «Ինձ կշտամբում են, թե իբր մտադիր եմ հանձնել երկրի ինքինշխանությունը: Լիակատար անհեթեթություն: Ինչ է, ես 25 տարի նախագահել եմ, որ պաշտոնավարման 26-րդ տարում խա՞չ քաշեմ Բելառուսի անկախության վրա», - տարակուսել է նա:

Ավելին, խոսելով ուկրաինացի լրագրողների հետ, Բելառուսի նախագահը պնդել է՝ ուզում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, անկախ այն հանգամանքից՝ դա դուր կգա Ռուսաստանին, թե ոչ:

«Մենք նրանց հարց ենք տալիս՝ իսկ ինչո՞ւ է ձեզ մտահոգում, ասենք, մեր երկխոսությունը եվրոպացիների հետ: Ի՞նչն է խնդիրը, եթե դուք ինքներդ եք գնում, խնդրում, որ բարելավեք հարաբերությունները, քանի որ հիմքում տնտեսությունն է և առևտրային հարաբերությունները: Կամ էլ՝ Միացյալ Նահանգների հետ... մենք ամերիկյան պատժամիջոցների տակ էինք, և ոչ միայն ամերիկյան, Ռուսաստանը, սակայն, այդ ժամանակ գրկախառնված համագործակցում էր Նահանգների հետ», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին , Վաշինգտոնն ու Մինսկը հայտարարել էին, թե մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 11-ամյա դադարից հետո: «Որպես հարաբերությունների նորմալացման հաջորդ քայլ Միացյալ Նահանգները պատրաստ է դեսպանների փոխանակել», - ժամանելով Բելառուս՝ հայտարարել էր փոխպետքարտուղար Դեյվիդ Հեյլը: Վերջինս, ի դեպ, անցած մեկ ամսում Նահանգներից Բելառուս այցելած արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր: Փոխպետքարտուղարից առաջ էլ Մինսկ էր մեկնել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով այժմ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

XS
SM
MD
LG