«Պատմական»․ այսպես է բնութագրում Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մինսկ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին նա հայտարարեց հինգշաբթի երեկոյան Մինսկում կայացած բանակցությունների մեկնարկին:
«Չնայած այն ողջ աղմուկին, որ տեղի է ունենում ձեր ուղևորության շուրջ, հատկապես Բելառուսի համար դրանում շատ դրական կողմեր ևս կան: Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների վատթարացման մեկնարկից ի վեր մենք մշտապես առաջարկում էինք փակել մեր պատմության այս բացասական էջը և մեր հարաբերությունները սկսել նոր էջից: Ձեր այցը, անկասկած, պատմական բնույթ է կրում, քանի որ նման նշանակալի և բարձրաստիճան պաշտոնյա Բելառուս վաղուց չէր այցելել», - հայտարարում էր Լուկաշենկոն:
Նշեմ, ի դեպ, որ դիվանագիտական մի շարք աղբյուրների տեղեկություններով Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ջոն Բոլթոնը առանձնազրույցը ծրագրվածից շատ ավելի երկար է տևել: Այս մասին այցի ավարտին, Մինսկի օդանավակայանում, «Ազատության» հետ զրույցում նշում էր նաև ինքը՝ Ջոն Բոլթոնը: Լուկաշենկոյի հետ իր զրույցը ամերիկացի պաշտոնյան բնութագրում էր որպես «խիստ հետաքրքրաշարժ»:
«Ես ասացի նախագահ Լուկաշենկոյին և մյուս պաշտոնյաներին, որ մեր երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առկա, մասնավորաբար՝ մարդու իրավունքների պաշտպանության և սպառազինությունների չտարածման հարցերը: Բայց ես նաև կարծում եմ, որ աշխարհաքաղաքական այն մթնոլորտը, որ տիրում է Եվրոպայի այս հատվածում, ինչպես նաև աշխարհում առկա սպառնալիքները, մեզ պետք է դրդեն մի այնպիսի երկխոսության, որի ընթացքում պետք է հասկանանք, թե որտեղ են համընկնում Բելառուսի և Միացյալ Նահանգների շահերը: Լուկաշենկոյի հետ իմ զրույցի ընթացքում, որն անսպասելիորեն տևեց երկու ժամ և 15 րոպե, մենք բազմաթիվ թեմաների անդրադարձանք: Որևէ խնդրի լուծում այդ զրույցի ժամանակ մենք չեն գտել, կարող եմ ասել, որ ես նման ակնկալիքով չէ, որ Մինսկ էի ժամանել: Ամեն դեպքում մեր զրույցը խիստ հետաքրքական էր», - նշում էր Ջոն Բոլթոնը:
Այս հարցազրույցում Սպիտակ տան խորհրդականը հստակորեն չնշեց, արդյոք Լուկաշենկոյի հետ քննարկել է վերջին շրջանում ակտիվացած այն խոսակցությունները, որոնց համաձայն պաշտոնական Մոսկվան փորձում է նոր լիցք հաղորդել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, ինչը շատերի գնահատմամբ բելառուսական պետականության անկմանը կհանգեցնի:
«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց և [նախկին խորհրդային] հանրապետությունները անկախացան ես աշխատում էի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում: Այդ ժամանակաշրջանից ի վեր Միացյալ Նահանգները շատ հետևողական քաղաքականություն են որդեգրել այս հարցում` աջակցելով այդ պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը: Ակնհայտ է, որ այս հարցում ամեն մի երկիր ինքը պետք է որոշում կայացնի: Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ պետք է բխեն Բելառուսի ժողովրդի ցանկություններից», - հայտարարում էր Բոլթոնը:
Ի դեպ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականը Մինսկը լքեց նվերներով ծանրաբեռնված: Ալեքսանդր Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին Բոլթոնի միջոցով դաշույն ուղարկեց, Մելանիա Թրամփին` բելառուսական կտավից կարված սփռոց և անձեռոցիկներ: Ինքը` Բոլթոնը, Լուկաշենկոյից որպես նվեր սահմանափակ քանակությամբ արտադրված շոկոլադե կոնֆետների հավաքածու ստացավ:
«Ձեր նախագահին փոխանցեք Բելառուս ժողովրդի ամենաջերմ շնորհավորանքները: Ի դեպ, նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների արմատները այստեղ են՝ Բելառուսում», - նշում էր Լուկաշենկոն: