Եթե մի քանի օր Լուկաշենկոն ասում էր, թե «չկան խոչընդոտներ Ռուսաստան - Բելառուս միութենական պետության համար» և նույնիսկ հայտարարել էր, որ պաշտոնական Մինսկը պատրաստ է հրաժարվել սեփական արժույթից և դեմ չէ, որ միասնական արժույթի էմիսիոն կենտրոնը լինի Ռուսաստանում, ապա այսօր Բելառուսի նախագահը հայտարարել է, որ կարող է անգամ վերանայել Ռուսաստան - Բելառուս միութենական պետության վերաբերյալ դիրքորոշումը, որ Բելառուսի «ինքնիշխանությունը ամենից վեր է»:
Լուկաշենկոն քննադատաբար է խոսել նաև Եվրասիական միության (ԵԱՏՄ) մասին՝ պնդելով, թե այն որևէ առաջընթաց չի արձանագրում: Ավելին՝ նա հայտարարել է, թե Բելառուսը «չպետք է ՆԱՏՕ-ին նայի որպես թշնամու»:
Բելառուսի նախագահը առիթը բաց չի թողել քննադատելու հետխորհրդային տարածքի մեկ այլ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպությանը (ՀԱՊԿ)․ - «ՀԱՊԿ-ում այսօր ստեղծվել է անառողջ մթնոլորտ: Վերցնենք թեկուզ ամենահասարակ հարցը՝ գլխավոր քարտուղարի նշանակումը․․․ Հաշվի առնելով միջազգային տենդենցները՝ ՀԱՊԿ-ի կարևորությունը Բելառուսի համար կասկածից վեր է: Կազմակերպության շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը կարևոր է Բելառուսի համար՝ հաշվի առնելով, որ մեծ պետությունները դուրս են եկել Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից»:
ՀԱՊԿ-ին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ բացառելով, թե կազմակերպության գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել՝ «առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության»:
«Ես այդ հնարավորությունը բացառում եմ, քանի որ առանց Հայաստանի Հանրապետության, դա գլխավոր քարտուղարի նշանակում է, դա ինչ-որ որոշում չի մարտավարական, կամ օպերատիվ-մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չի: Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել․․․ Կանոնակարգը թույլ չի տալիս էդպիսի բան», - ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ իր ղեկավարած գերատեսչությունն իր կարծիքը հայտնել է, և այս պահին այդ հարցով զբաղվում են այլ մարմիններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: