Մատչելիության հղումներ

Բելառուսի ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ինքնիշխան պետություն, թե ոչ․ Բոլթոն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը օգոստոսի 29-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը և ընդգծելու Միացյալ Նահանգների աջակցությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը, ասված է Բելառուսում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Բոլթոնի հետ բանակցություններից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն Մինսկը միշտ կողմ է եղել:

Լուկաշենկոն Թրամփի խորհրդականի հետ բանակցություններից առաջ առաջարկել էր անկեղծ, բարեկամական մթնոլորտում քննարկել երկու երկրների հարաբերություններին առնչվող բոլոր՝ նույնիսկ Բելառուսի համար ոչ հաճելի հարցերը: Իր հերթին Բոլթոնը բանակցությունների բաց մասում հույս էր հայտնել, որ Մինսկն ու Վաշինգտոնը համաձայնություն ձեռք կբերեն մարդու իրավունքների և սպառազինության չտարածման հարցերում:

Բուն բանակցություններն անցել են փակ դռների հետևում, սակայն դրանցից հետո Ջոն Բոլթոնը հայտարարել էր․ - «Շատ կարևոր հանդիպում էր: Մենք հստակ լուծումների չենք եկել, բայց քննարկման այս հնարավորությունը շատ կարևոր էր: Երբ փլուզվել էր Խորհրդային Միությունը և հռչակվել էին անկախ պետություններ, մենք հստակ հայտարարել էինք և շարունակում ենք հայտարարել, որ աջակցում ենք այդ պետությունների անկախությանն ու ինքնիշխանությանը: Բելառուսի ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ինքնիշխան պետություն, թե ոչ: Կարծում եմ, որ ուզում է մնալ անկախ պետություն»:

Միացյալ Նահանգները Բելառուսում դեսպան չունի 2008 թվականից: Բելառուսական մի շարք ընկերությունների նկատմամբ մինչ օրս գործում են ամերիկյան պատժամիջոցներ: Ավելին՝ պատժամիջոցները գործում են նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այդուամենայնիվ, անցած տարվանից ակտիվացել են շփումները Բելառուսի և Միացյալ Նահանգների միջև: Փորձագետները նկատում են, որ Բոլթոնի այս այցը չի կարող չնյարդայնացնել Մոսկվային, հատկապես, որ անցած տարվանից օրակարգում է հայտնվել Ռուսաստան – Բելառուս միութենական պետության մասին պայմանագիրը, որը կնքվել էր դեռևս 1999-ին, սակայն հիմնականում մնացել է թղթի վրա:

Անցած տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ նախագահ էր ընտրվել, միութենական պետության գաղափարը նորից հայտնվել է օրակարգում: Միութենական պետության նախագահի պաշտոնը ստանձնելը ամենահավանական սցենարներից է, որը թույլ կտա Պուտինին պահպանել իշխանությունը 2024 թվականից հետո, քանի որ Ռուսաստանի գործող սահմանադրությունը նրան թույլ չի տալիս նորից նախագահ ընտրվել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրարամերժ հայտարարություններ է անում Ռուսաստանի հետ ինտեգրման մասին, և չնայած արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ վարվող ակտիվ բանակցություններին, Կրեմլի հետ հարաբերությունները ակներևաբար չի պատրաստվում փչացնել: Այս համատեքստում, օրինակ, Լուկաշենկոն հրաժարվել է մեկնել Լեհաստան, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հավաքին չեն հրավիրել Ռուսաստանի նախագահին: Նման հայտարարություն երեկ արել էր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը:

Մինչև Լուկաշենկոյի հետ հանդիպելը Բոլթոնն այցելել էր Կիև և Քիշնև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG