Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու մանդատներին հավակնում են 13 քաղաքական ուժեր


Այսօր լրացավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։

Կենտրոնական ընտրոնական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր են ներկայացրել 13 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 9 կուսակցություն։

Նրանց գերակշիռ մասը հենց այսօր՝ վերջին օրը ներկայացավ ԿԸՀ։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, պայքարի է գնում «Իմ քայլը» դաշինքով։

Կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը, ով ԿԸՀ էր բերել փաստաթղթերը, փոխանցեց, որ ավագանու ցուցակում 170 անձ է ընդգրկված։ Հավելեց, որ ոչ մեկին որպես մրցակից չեն դիտարկում և պայքարում են երևանցիների խնդիրը լուծելու համար․ - «Մենք հանդես ենք գալիս այս ընտրություններում որպես հեղափոխություն իրականացրած թիմ և հույս ունենք, որ մեր հաղորդակցությունը ինչպես եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդպես էլ շարունակվելու է»:

111 հոգանոց ցուցակով ու հաղթական տրամադրվածությամբ են արտահերթ ընտրության են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»։ Նախկին ավագանու կազմում գործող «Ելք» խմբակցությունից դուրս շարունակելով համագործակցությունը՝ ներկայանում են նոր դաշինքով, որը անվանել են «Լույս»՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությամբ։

Հարցին, թեե ինչու երևանցին պետք է ձայն տա հենց իրենց, ցուցակի երկրորդ տողը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե իրենց թեկնածուն ունի մեծ ներուժ ստանձնելու երևանի քաղաքապետի պաշտոնը․ - ««Լույս» դաշինքը առաջարկում է Երևանում տարիներով կուտակցված խնդիրների կոնկրետ և ժամանակացուցային լուծումներ: Եվ առաջարկում է ոչ թե գոյատևում, այլ զարգացում»:

Ավագանու նախկին կազմից պայքարում այս անգամ երևանցիները կտեսնեն նաև «Երկիր Ծիրանի»-ին։ Նրանց քաղաքապետի թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանն այսօր ԿԸՀ չէր եկել, բայց կուսակցության անդամներն ասացին, որ իրենք գնում են մեծամասնությունը վերցնելու, և երևանցիները վերջապես հնարավարություն ունեն ունենալու իրենց խնդիրներով մտահոգ քաղաքապետ։

«Դուք ականատեսը եղաք, որ, ինչպես որ խոստացել էինք, Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցնողի կյանքը իրականում դժոխքի վերածվեց, և իրականում մենք դե ֆակտո մաքրեցինք Երևանի քաղաքապետարանը այդ կեղտից ու կոռուպցիայից: Հիմա արդեն եկել է ներսից ավելի մանրակրկիտ մաքրելու ժամանակը, և երևանցիներին տալու հնարավորություն, որպեսզի ապրեն արդար Երևանում», - ասաց Սոնա Աղեկյանը:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» պայքարի է գնում ավելի մեծ՝ 195 հոգանոց ցուցակով։ Փաստաթղթերը բերել էին կազմակերպչական հատվածի պատասխանատուները, որոքն հրաժարվեցին շփվել լրագրողների հետ։ Նրանց թեկնածուն հիշեցնեմ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

49 հոգանոց ցուցակով ու «Ժպտա» կրագախոսով գրանցման փաստաթղթերը այսօր ԿԸՀ էր բերել «ժառանգությունը»։

Կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքապետի թեկնածու, ոչ միայն խնդիրների լուծում է առաջարկում, այլև քաղաքի զարգացման ծրագրի հիմքում դնում է «Ժառանգության» անցած ուղին․ - «Բաց ճակատով մասնակցելու ենք ընտրությունների, որովհետև «Ժառանգությունը» այն քչաթիվ ընդդիմադիր կուսակցություններից է, որ չտրվեց իշխանությունների գայթակղություններին: Եվ մենք մշտապես եղանք քաղաքացու և պետության շահի կողքին»:

Ավագանիում մանդատներ ստանալու համար կպայքարի նաև «Երևանի հանրություն» դաշինքը: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն արդեն հստակ գիտի, թե որ խնդիրներն է առաջինը լուծելու եթե դառնա 2800 ամյա մայրաքաղաքի քաղաքապետը․ - «Հիմնական բնագավառները՝ առողջապահությունը և շրջակա միջավայր, սոցիալական խնդիրները, որոնք ներառում են ներառական քաղաք, մանկապարտեզներ, դպրոցներ»:

Սեպտեմբերի 23-ին ընտրացուցակներում ընդգրկված կլինի նաև Դաշնակցության անունը՝ իրենց թեկնածու, նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանի գլխավորությամբ։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց շանսերը բարձր են գնատահատում․ - «Երևանցին Դաշնակցության ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է, ունի մեծ հարգանք և սեր»:

Այսօր գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեցին նաև Հայոց համազգային շարժումը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ դրա նախագահ Մանուել Գասպարյանի թեկնածությամբ, «Օրինաց երկիրը»՝ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գլխավորած ցուցակով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր հանձնեցին ևս երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չցանկացան խոսել՝ «Հայք կամ հայկազուններ» կուսակցությունը և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը։

XS
SM
MD
LG