Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ցուցակը կգլխավորի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Ազատությանը» հայտնեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Երկրորդ հորիզոնականում է «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, երրորդում՝ քաղաքագետ Արման Աբովյան», - ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը հայտնեց՝ նաև որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը:
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Հուլիսի 16-ի արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու միաժամանակ նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: