Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ն հանձնվել է քաղաքական այս ճակատամարտում». Ստեփան Սաֆարյան


Հանրապետական կուսակցությունն ամենևին իր լավագույն ժամանակները չի ապրում, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության այն հայտարարությանը, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։

Քաղաքագետի համոզմամբ, Հանրապետական կուսակցությունը «հանձնվել է քաղաքական այս ճակատամարտում»։

«Թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությանը թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության անփորձության, սխալների, հետհեղափոխական էֆորիայի անցման հետ միասին, շանսեր կառաջանան ետ շրջելու կամ առնվազն պահպանելու իշխանության մեջ լուրջ դիրքերը։ Բայց իրադարձություններն ամենևին այդ հունով չեն գնում, և ներկայումս, երբ գրեթե ամեն օր Հանրապետական կուսակցության իշխանության այս կամ այն կարկառուն ներկայացուցչի հետ կապված սկանդալային բացահայտումներ, քրեական գործեր, իրացման դեպքեր, կոռուպցիոն չարաշահումներ և այլն՝ էս ամեն ինչը հրապարակվում է նման կոնտեքստում, Հանրապետական կուսակցության համար բավական ռիսկային կլիներ մասնակցելն ավագանու ընտրություններին, ըստ որում դա կլիներ հեղափոխությունից հետո իրավիճակի ֆիքսում», - ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այժմ ՀՀԿ-ն փորձում է խուսափել, որ իրականությունը չֆիքսվի իր մասով։

«Որ չֆիքսվի, թե որքան ինքը հանրային աջակցություն ունի, իսկ դա բավականին ցածր է, հանուն արդարության։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում էր ճիշտ հակառակը՝ իրականությունը ֆիքսել՝ իր լեգիտիմությունը, դրան տալ նաև թվերի տեսք՝ ի դեմս մանդատների, կամ Երևան քաղաքում հասած իշխանության, ապա Հանրապետական կուսակցության վախը ճիշտ հակառակն է՝ խուսափել այդ ֆիքսացիայից և ցույց չտալ, որ ինքն իսպառ կորցնում կամ կորցրել է իր դերակատարումը հանրության շրջանում, հատկապես եթե հիշենք, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների և ապա նաև Երևանի ավագանու ընտրություններում իրենց հայտնի մեթոդներով՝ ընտրակաշառքով, վարչական լծակներով ապահովեց 60-70 տոկոս, այսպես ասած, աջակցություն, այժմ ակնհայտորեն նրանք դա չեն կարող դա պահել՝ ֆիքսել։ Ծիծաղելի կլինի, որ պարզվի, որ նրանք ունեն հինգ տոկոս, կամ ավելի պակաս։ Սա նշանակում է շատ լուրջ փաստի առաջ կանգնել՝ կանգնել կուսակցության հետագա գործունեության հետ կապված որոշում ընդունելու շեմին», - ասաց Սաֆարյանը

Ըստ քաղաքագետի, Հանրապետական կուսակցությունն առայժմ ուղղակի ժամանակ է ձգտում՝ հույս ունենալով ավելի բարենպաստ շանս ստանալ գոնե մինչև խորհրդարանական ընտրություններ։

«Իրականում որքան էլ Հանրապետականը վախենում է ֆիքսել իր ցածր հանրային աջակցության փաստը, միևնույն է չմասնակցությունը նույնպես արդեն իսկ ետնահանջի և որոշակի իրողության ֆիքսում է։ Հիշեք, որ նախկինում իշխող դիրքերից Հանրապետական կուսակցությունից հեգնում էին, ծաղրում էին, խորհուրդ էին տալիս մյուսներին՝ ընդդիմադիր կուսակցություններին մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չանտեսել դրանք, սեփական «հաղթանակները» տարբեր համայնքային ընտրություններում հիմնավորում էին, որ իրենք այլընտրանք չունեն, այս պարագայում իրենք ընկնում են ճիշտ և ճիշտ իրենց քննադատության հեգնանքի, ծաղրի ներքո։ Փաստացի հարց է առաջանում՝ եթե մտադիր են մնալ քաղաքականության մեջ, ապա ինչպե՞ս են դա անելու, եթե նման խոշոր ընտրությանը չեն մասնակցում՝ խոսքը հանրապետության սիրտը համարվող, քաղաքի համար պայքարում հանձնվելն է։ Ինչ արեց Հանրապետական կուսակցությունն, այո՛, հանձնվել է քաղաքական այս ճակատամարտում», - ասաց Սաֆարյանը։

Երեկ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև 21-ը՝ 11 օր։

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեցհանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրը կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG