Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանը։
«ՀՀԿ-ն Երևանը հասցրեց մի բևեռի՝ հաճելի բոլորիս համար բևեռի, որը երբեք չի եղել, և գործող իշխանությունները չհաշտվեցին դրա հետ, այդ պատճառով մի այլ թեկնածու չենք ներկայացնում, որովհետև եթե նույնիսկ այդ թեկնածուն էլ հաջողության հասնի, նորից պետք է կռիվը գնա, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ Դրա համար Մենք չենք առաջադրելու»։
Հարցին, թե առաջադրվածներից ո՞ւմ են սատարելու, Սահակյանը պատասխանեց. - «Ազատ կթողնեն, ինձ թվում է, բոլորին»։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչև օգոստոսի 29-ը։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև 21-ը՝ 11 օր։
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրը կրճատեց Երևանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձևավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։