Երևանի գլխավոր ճարտապետի խոսքով, ավելի քան 150-ամյա շինության տեղում լինելու է «կանաչ հատված, լայն մայթ՝ կարմիր գծի ընդլայնմամբ»:
Նրա պնդմամբ՝ «Դոլմամա» ռեստորանը պահպանվում է: «Դժվար է հին շենքերը ադապտացնել նոր կյանքին, իսկ նոր կյանք տալ հուշարձաններին՝ դժվարագույն խնդիր է։ Այդ համատեղման ընթացքում իրոք կորուստներ լինում են», - հավելեց Բարսեղյանը:
Թեև վերջին շաբաթներին հարցի շուրջ անդադար հնչող քննադատությանը, Երևանի ավագանու նիստի օրակարգում այն ընդգրկված չէր: Ավագանու ընդդիմադիր անդամ Ստեփան Սաֆարյանը տեղից բարձրաձայնեց՝ քաղաքում կարևոր այլ հարցեր էլ կան․ - «Այսպիսի խոշորագույն խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունենք և հասկանանք, որ քաղաքային տնտեսության մեջ էական բան է փոխվում»:
Ավագանու ՀՀԿ-ական անդամներ Նաիրա Նահապետյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պաշտպանեցին հին Երևանի շենքերից մեկը քանդելու որոշումը` պնդելով, թե նորակառույցները հներից պակաս արժեքավոր չեն:
«Արամի 30-ը, եթե վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապես մեզ համար պատիվ բերող շե՞նք ա», - ասաց Մարտին Վարդազարյանը:
«Ազատության» հարցին, թե արդյոք պատիվ բերող է Հյուսիսային պողոտան, Վարդազարյանն արձագանքեց․ - «Հյուսիսային պողոտան ճանաչելի է և ցույց է տալիս ճարտարապետական և շինարարական հնարավորությունները: Կան ավելի հետաքրքիր շենքեր, որոնց մասին է հարկավոր խոսել»:
Իսկ Լևոն Իգիթյանի «խորը համոզմունքով»՝ Արամի 30-ը «սարայ ա»․ - «Ինձ թվում է, պետք էր ցերեկը անել էդ բանը [քանդել Արամի 30 շենքը]: Որովհետև այդ որոշումը տարիներ առաջ է եղել: Երբ որ գիշերն ես քանդում, մարդկանց մոտ հարց ա առաջանում՝ ինչի՞ են գիշերը քանդում: Ճիշտ են ասում»:
Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամները նիստի ավարտին վրդովվեցին՝ հարցեր ունեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց չունեցան դրանք ուղղելու հնարավորությունը, որովհետև նախապես ծրագրված հարցուպատասխանը չկայացավ: