Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Երևանում հիմնովին քանդվել է հերթական պատմական շենքը


Ժամերի ընթացքում հողին է հավասարեցվել Արամի 30 հասցեի պատմական շենքը: Ականատեսների խոսքով՝ բուլդոզերը պատերը փլուզել է րոպեների ընթացքում:

Լևոն Վխկրյանը գիշերը ժամը չորսի շրջակայքում՝ աշխատանքից վերադառնալիս է նկատել, որ շինտեխնիկա է աշխատում, անմիջապես ոստիկանություն է զանգահարել:

«Ոստիկանությունից հետ զանգեցին ինձ մի հինգ րոպեից, հարցրեցին՝ տեխնիկայի ձա՞յնն ա խանգարում, ասացի՝ չէ, դա չի հարցը: Ասացին, որ դրանով քաղաքապետարանն է զբաղվում: Ես զանգեցի քաղաքապետարանի «թեժ գիծ», հինգ րոպեից մեկը զանգեց, հարցրեց շենքի կոնկրետ տեղը: Ինքը պատրաստվում էր այցելել: Բայց կես ժամ անցել էր, ենթադրում եմ՝ շենքը արդեն քանդված էր, որովհետև շատ արագ էին քանդում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վխկրյանը:

Տևական պայքարից հետո ակտիվիստները քաղաքային իշխանություններից հավաստիացումներ էին ստացել, թե շենքի դիմապատը պահպանվելու է, գիշերը, սակայն, կարմիր տուֆով կառուցված դիմային բոլոր պատերը քանդվել են:

Մեկ այլ ականատես, որ հասցրել էր լուսանկարել շենքի փլուզումը, պատմում էր, որ քարերը չէին համարակալվել՝ ենթադրելով, որ կառույցը չի վերականգնվելու․ - «Խնամքով քանդելու նշույլ անգամ չկար: Արգելեց նկարեմ, ինձ անգամ հետ հրեց․․․»։

Երևանի քաղաքապետարանը չի պատասխանել «Ազատության»՝ դեռևս ուրբաթ օրվա հարցմանը շենքի ճակատագրի վերաբերյալ, երբ այն դեռ կանգուն էր:

Ըստ շրջանառվող լուրերի, այստեղ հյուրանոց է կառուցվելու: Նույնիսկ բարձրահարկ շենքի նախագիծն էր հայտնվել լրատվամիջոցների ձեռքի տակ, և ապագա շենքի պատկերում պատմական շինության դիմերեսը պահպանված էր:

«Մեր քաղաքը» նախաձեռնությունը «դիվերսիա» է որակում շուրջ 150-ամյա կառույցի քանդումը՝ պնդելով, որ այս «հերթական հանցագործության» գլխավոր պատասխանատուները Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն են՝ վերստին պահանջելով նրանց հրաժարականը:

Երևանցիներն այսօր անակնկալի էին գալիս՝ Հանրապետության հրապարակից մի քանի մետր այն կողմ տեսնելով Արամի 30-ի փլատակները:

«Ջնջում են ամեն ինչ, ինչ կապված է հին Երևանի հետ», - վրդովված ասում էր միջին տարիքի մի կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG