Մատչելիության հղումներ

Մայրապետյանը «մի տասը հոգու» համար չի դադարեցնի իր շինարարական նախագծերը Երևանի կենտրոնում


Երևանյան հին տան բնակչուհի Էմմա Խոյեցյանը։ Նրա տունը ևս շուտով կքանդվի։
Երևանյան հին տան բնակչուհի Էմմա Խոյեցյանը։ Նրա տունը ևս շուտով կքանդվի։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը հորդորում է բիզնեսմեն Սամվել Մայրապետյանին Երևանի պատմության մեջ չմնալ իբրև «քանդարար»:

«Ի՞նչ է անում Երևանի համար Մայրապետյանը, որպես ի՞նչ է ուզում իր անունը մնա... որպես քա՛ն-դա՛-րա՛ր։ Երևանի կենտրոնի քանդարա՛ր»,- ասում է Բախշյանը։

Դեռևս 2008-ին Երևանի սրտում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա շահ: Տարածքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին, ծրագրում է այդ տարածքում բազմաֆունկիցոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցներից մինչև բնակելի շենքեր:

Բախշյանը ընդգծում է՝ 19-րդ դարի շենքերը քանդելը և տեղը հյուրանոց սարքելը ոչ թե հանրային գերակա շահ է, այլ կոնկրետ Մայրապետյանի բիզնեսի շահը.- «Եթե անգամ կառավարությունը էդտեղ բացթողում ունի, բայց էս տարածքը, էս շենքերը, որոնք վկայում են Երևանի հնության մասին, էս շենքերն են վկայում, որ Երևանը 100-150 տարի առաջ, և ինքը էդքան հեշտությամբ սա քանդում է, ես դժվարանում եմ հասկանալ հենց Մայրապետյանին»։

Մինչդեռ Սամվել Մայրապետյանն «Ազատության» հետ զրույցում տարածքի իրացումից դժգոհողներին առաջարկում է դիմել կառավարությանը, քանի որ հենց կառավարությունն է 7-8 տարի առաջ որոշել այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչել: Հայտարարվել է մրցույթ, ինքն էլ՝ որպես բիզնեսմեն մասնակցել է և հաղթել է: Նրա փոխանցմամբ՝ տարածքի 90 տոկոսն արդեն իրացված է, ընդամենը 10 գործ է այս պահին դատարանում գտնվում: Դրանք այն բնակիչների գործերն են, ովքեր կա՛մ փոխհատուցման չափին համաձայն չեն, կա'մ ընդհանրապես տարածքի իրացմանն են դեմ:

«Ես համոզված եմ, ոչ թե հույս ունեմ, [որ կհաջողվի կառուցապատումը], որովհետև եղել է կառավարության որոշումը, դատարանը վճիռ կկայացնի, մենք էդ վճռով կառաջնորդվենք։ Ես չեմ կարող պատկերացնել, որ դատարանը կարող է վճռել, որ կառավարությունը սխալ որոշում է կայացրել»,- ասաց Մայրապետյանը։

Հարցին էլ, թե ի՞նչ կասի հասարակության կարծիքի վերաբերյալ, գործարարը պատասխանեց.- «Երբ դու արդեն մեծ ինվեստիցիա ես արել, հասել ես ավարտին, մնացել է 10 տոկոս, ասենք՝ «վայ, հասարակությունը ուրիշ ձևի է ընկալում, որովհետև էդ մի տասը հոգին համաձայն չէ, եկեք փոխենք, էլ չանենք էս գործը», էդպե՞ս եք պատկերացնում»։

«Հնարավոր չէ՞ր ինչ-որ շենքեր պահպանել». այս հարցին էլ գործարարը այսպես արձագանքեց.- «Ամեն ինչ էլ հնարավոր է, պետք չէր սկսել էդ պրոցեսը ընդհանրապես։ Միգուցե պետք էր, որ մնան էդ քարուքանդ տները, որովհետև մի քանի հոգի կարող ա բողոքեն, էդ պրոցեսն էլ չլիներ։ Էդ ժամանակ կառավարությունը պիտի չորոշեր, մենք էլ չմասնակցեինք։ Էդ ուրիշ խնդիր է, հասարակության կարծիքը շատ լավ ուսումնասիրեին, հասկանային, որ մեր հասարակությունը ընդհանրապես դեմ է, որ Երևան քաղաքում որևիցե մի բան կառուցվի, մենք էլ չմասնակցեինք, չանեինք։ Բայց չի եղել էդպիսի բան, չէ՞»։

Այն պահին, երբ իրացման տակ գտնվող Պուշկինի փողոցի հին տներից մեկի առջև զրուցում էինք Անահիտ Բախշյանի հետ, հնաոճ տան դուռը բացեց տարեց մի կին՝ 83-ամյա Էմմա Խոյեցյանը։ Նա պատմեց, որ ամուսնու հայրը տունը ձեռք է բերել 1937-ին, իսկ մինչ այդ 1890-ականներին կառուցված այդ տանը բնակվել են Թաիրովները: Կինն ասաց՝ իր տունն էլ է քանդվելու։

«Քանդելը համ լավ ա, համ էլ վատ ա։ Լավ ա, որ հնություն է, բայց հին մարդ ոչ մնացել է, ոչ էլ մեկը գիտի՝ էս ինչ ա։ Իրանց գործն է, մենք էստեղ փոքր մարդիկ ենք։ Սեփականությունը ի՞նչ կապ ունի, էդքան սեփականությունը որ քանդել են, տեր չկա՞ր։ Էս մի թիքեն ա մնացել, թող էս էլ քանդեն։ Դե, էս սաղ փողոցը պիտի քանդեն, սաղ վաճառված է»,- ասաց Խոյեցյանը։

Տարեց կինը պատմում է՝ հերթով տարբեր մարդիկ են գալիս, առաջարկում տան դուռը վաճառել, կամ դռան բռնակը, կամ էլ դռան այն հատվածը, որով ժամանակին փոստատարը նամակներն էր փոխանցում:

«Չեմ վաճառում, շենքը մի հատ նենց պադվալ ունի, որ մուզեյ է, գինեգործական փոքր բան է եղել էստեղ, գինի են սարքել, մի հատ կարաս կա, որ իմ, քո երկու բոյին է, մինչև հիմա հողի մեջ է»,- պատմեց Խոյեցյանը։

Իրացման գոտում՝ Պուշկին 10 հասցեում է նաև հայտնի «Դոլմամա» ռեստորանը: Այս շենքը նույնպես 19-րդ դարում է կառուցել: Ավանդույթի համաձայն՝ դրսից ժամանած բարձրաստիճան հյուրերին հենց այստեղ են հյուրասիրում։ Պատին փակցված ցուցանակում Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի, Մեծ Բրիտանիայի արքայազնի, նաև Քիմ Քարդաշյանի լուսանկարներն են: Ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը, ով դատական գործընթացների մեջ է Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության հետ, նշում է՝ 19-րդ դարում կառուցված տունը գրեթե նույնությամբ պահպանել է՝ հատակի փայտը, նկուղի տուֆե քարերը, պատուհանները, անգամ բակի խաղողի վազը:

«Նոր շենքը ոչ մի ձևով հետաքրքիր չէ որևէ մեկի համար։ Գնում ես մի երկիր, ուզում ես էդ երկրի հին մասը տեսնել, տեսնես, թե ժողովուրդը ոնց է ապրել։ Սա ունի 100 տարվա պատմություն։ 100 տարին քի՞չ է։ Մենք էդ ընթացքում ցեղասպանություն ենք տեսել, մի հասարակությունից դարձել ենք Սովետական Միության մի մաս, հետո դարձել ենք անկախ երկիր։ Էս պատմության էջերը ինչ-որ փաստեր պիտի ունենան։ Ոչ մի փաստ չի մնում։ Ստացվում է, որ մենք ծնվել ենք 1993 թվականին, 93-ից հետո էլ 2000-ականներին սկսել ենք շենքեր սարքել։ Էլ ի՞նչ պատմություն»,- դժգոհեց «Դոլմամա»-ի սեփականատերը։

Ավանյանը չի հասկանում, թե ո՞րն է հանրային գերակա շահը, երբ մի բիզնեսմենից խլում են իր սեփական տարածքը և տալիս մեկ այլ բիզնեսմենի: ԱՄՆ-ից Հայաստան եկած և 18 տարի առաջ Պուշկինի փողոցում ռեստորան հիմնած գործարարը ընդգծում է՝ սա ճիշտ ուղերձ չէ դրսի ներդրողների համար: Ավանյանը՝ որպեսզ բիզնեսմեն, առաջարկում է տարածքը ձեռք բերած Մայրապետյանին ոչ թե քանդել հին շենքերը, այլ վերանորոգել և վերավաճառել:

«Չես քանդում, ստացվում է, որ ստանում ես աղոթք ժողովրդի կողմից, շնորհակալություն, պատմության էջը պահողի կողմից էլ շնորհակալություն, ստանում ես շանս փող սարքելու և լիքը դատարկ տարածք կա բակի կողմից, որտեղ կարելի է կառուցել հիանալի հյուրանոց, ինչ ուզենա։ Ես չեմ կարծում, որ կարելի է Պուշկինի փողոցը՝ Աբովյանից մինչև Սախարովի հրապարակ քանդել։ Հռոմի կենտրոնում կա Կոլիզեյ։ Կոլիզեյը որ քանդեն, ինչքան քառակուսի մետր է էդտեղ առաջանում, ինչեր կարելի է սարքել։ Մի հատ մոլլ կարելի է սարքել, չէ՞, կողքն էլ հյուրանոց... բայց չի կարելի քանդել, սա թանկ է։ Ես իմ պետությանը խորհուրդ եմ տալիս՝ դա վատ բիզնես է»,- ասաց Ավանյանը։

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է քանդել բոլոր այն շենքերը, որոնք ընդգրկում են Աբովյան, Պուշկին փողոցները և Սախարովի հրապարակի տարածքը, գործարար Սամվել Մայրապետյանն ասաց, թե պատմական հուշարձանները, օրինակ՝ Հրշեջների տունը, հնարավոր չէ քանդել առանց կառավարության որոշման: Իսկ այն շենքերը, որոնք ընդգրկված չեն պահպանվող շինությունների ցուցակում, դա արդեն այլ հարց է:

Ի դեպ, քաղաքապետարանն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել, թե տվյալ տարածքում առկա են 4 հուշարձան-շենքեր, որոնք պահպանվելու են նույն տեղում: Այսօր մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով նշել, թե խոսքը կոնկրետ ո՞ր շենքերի մասին է: Քաղաքապետարանը ողջ օրվա ընթացքում այդ 4 շենքի անունը չփոխանցեց:

XS
SM
MD
LG