Մատչելիության հղումներ

«Դոլմամա» ռեստորանի շենքի հետագա գոյությունը հարցականի տակ է


Պուշկին, Նալբանդյան, Աբովյան փողոցների միջանկյալ հատվածի կառուցապատման մանրակերտը:
Պուշկին, Նալբանդյան, Աբովյան փողոցների միջանկյալ հատվածի կառուցապատման մանրակերտը:

Փետրվարի 3-ին դատարանը կհրապարակի Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի և հարակից կառույցների օտարման հարցով դատավճիռը:

Կառավարության որոշմամբ, այս տարածքը 2013 թվականին գերակա շահ է ճանաչվել, և «Լոքըլ դիվելոփերս» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով պարտադրել սեփականատերերին փոխհատուցման դիմաց իրենց հանձնել տարածքը:

Օտարման ենթակա տարածքի սեփականատեր Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, մինչդեռ, պնդում է, որ դատարանը որոշում կկայացնի՝ առանց իրենց լսելու: Փաստաբանը հունվարի 19-ին նշանակված դատական նիստից մեկ օր առաջ դիմել էր Կենտրոն վարչական շրջանի դատարան՝ խնդրելով հետաձգել նիստը և իրեն հնարավորություն տալ ծանոթանալ գործին։ Դատը, սակայն, չէր հետաձգվել, ավելին՝ պատասխանող կողմի բացակայությամբ նշանակվել էր դատավճռի օր։

Շփոթմո՞ւնք, թե՞ դիտավորություն․ փաստաբանը դժվարանում է միանշանակ գնահատական տալ, բայց հստակ է՝ արդյունքում շահել է տարածքում շինարարության իրավունք ստացած «Լոքըլ դիվելոփերս» ընկերությունը:

«Ես դիմելու եմ Դատական դեպարտամենտի ղեկավարին, Կենտրոնի դատարանի նախագահին և գործով նախագահող դատավորին, որպեսզի դատաքննությունը վերսկսվի, և մենք կարողանանք մեր շահերը ներկայացնել», - ասաց փաստաբանը:

Աթանեսյանի խոսքով, իր վստահորդի՝ տասնյակ հռչակավոր մարդկանց հյուրընկալած «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի համար առաջարկվող գումարի չափը կարևոր չէ, նա պարզապես ուզում է հին Երևանի այդ փոքրիկ հատվածը պահպանել։

Ավանյանն անգամ ճարտարապետների է դիմել ու խնդրել կառուցապատման լուծումներ առաջարկել՝ առանց եղածը քանդելու։

«Գերակա հանրային շահ ինչի՞ համար է հայտարարված․․․ Ո՛չ նախագիծ կա հաստատված, ո՛չ էլ պատկերացում կա, թե այդտեղ ինչ է լինելու․․․ Պարզապես տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել 2005-2006 թվականներին՝ քանդում են, որ քանդեն, հետո կորոշեն ինչ են կառուցելու: Մենք առաջարկում ենք՝ լավ, կա գերակա հանրային շահ, չգիտենք ինչու կա, բայց լավ, եթե կա՝ կա, մենք առաջարկում ենք նախագիծ, և դա քննարկենք: Որովհետև և՛ ձեր շահերն են պաշտպանվում, և՛ մեր»:

Նախագիծը մշակել է ճարտապետ Գարեգին Եղոյանը. - «Մենք որոշեցինք անել դա՝ ցույց տալու, որ հնարավոր է ալտերնատիվ մի բան, որով կարելի է լրացնել, ոչ թե քանդել»:

Նախագծով առաջարկվում է, պահպանելով ավելի քան հարյուրամյա ցածրահարկ տները, ստեղծել զբոսանքների ու սրճարանների համար տարածք և միայն հետնամասում բարձրահարկ կառուցել։

Պուշկին, Նալբանդյան, Աբովյան փողոցների միջանկյալ հատվածի կառուցապատման մանրակերտը առայժմ միջազգային ցուցահանդեսներում է գրավում այցելուների ուշադրությունը։ Երևանում ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ էլ կառուցապատողը դրանով դեռևս հետաքրքրված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG