Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Սերժ Սարգսյանը բազմիցս ոտնահարել է այս Սահմանադրությունը


Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կրկին քննարկման առարկա դարձավ սահմանադրական բարեփոխումների միջոցով գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը:

Նիստի ընթացքում պատգամավորները հնարավորություն ունեին հարցեր ուղղելու հիմնական զեկուցող, երկրի նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին:

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, հարցրեց, թե արդյոք սահմանադրական բարեփոխումները կապված չեն գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի ու ևս մեկ անգամ առաջադրվելու սահմանադրական արգելքի հետ:

Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանը կրկին պնդեց, թե գործող նախագահի վերարտադրության թեզը «չունի հիմնավորում»․ - «Եթե Հանրապետության նախագահը հայտարարած չլիներ, որ պառլամենտական համակարգին անցման պայմաններում ինքը չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ Ազզային ժողովի նախագահի և ո՛չ էլ Հանրապետության նախագահի պաշտոններին, ապա կարելի էր թերևս ինչ-որ չափով հիմնավորված համարել այդ վերարտադրման թեզը: Բայց Հանրապետության նախագահը Սահմանադրական [բարեփոխումների] հանձնաժողովի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հստակ հայտարարեց այդ մասին»:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ ժողովուրդը չի հավատում Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, ու դիմեց Վարդան Պողոսյանին․ - «Դուք նրան հարց չտվեցի՞ք, որ՝ Դուք այսպես եք ասում, որ որևիցե պաշտոն չեք ստանձնելու այս փոփոխություններից հետո․․․ բա չհարցրեցի՞ք՝ ախր հանրությունը Ձեզ չի հավատա, որովհետև բազմիցս խաբել եք մեր հանրությանը: Եվ հետո, Դուք ինքներդ հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանին, որ նա չի ցանկանալու նորից պաշտանավարել: Չէ՞ որ այս փոփոխությունները դրա համար են լինում: Երկու անգամ այդ անձը ներկայիս Սահմանադրության վրա երդվել է, բայց բազմիցս այս տարիների ընթացքում ոտնահարել է այս Սահմանադրությունը»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի փակ քննարկումներին՝ Փոստանջյանն ասաց, թե դրանք, միևնույն է, քաղաքական կոնսոլիդացիա անվանել չի կարելի, դրանք ընդամենը «տգեղ լուսանկարչություն» էին հիշեցնում:

Նշելով, որ հնչեցնում է «Ժառանգություն» կուսակցության կարծիքը՝ Փոստանջյանը հայտարարեց․ - «Ժառանգություն»-ը մասնակցելու է բոլոր այն գործողություններին, որոնք տապալելու են Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այս ապօրինի գործունեությունը»:

Հարկ է նշել, որ քաղաքական հարցերին նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ընդհանրապես հրաժարվում էր պատասխանել: Անպատասխան մնաց Տիգրան Ուրիխանյանի հարցը, թե ինչո՞վ է գործող Սահմանադրությունը խանգարում իշխանություններին վերացնել մենաշնորհները, բարձր պաշտոնների չնշանակեն հանցագործներին, կրճատեն աղքատությունը:

Այս թեման իր ելույթում շարունակեց Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ): Շեշտելով, որ դեմ է քվեարկելու այս նախագծին՝ նա արեց հետևյալ հարցադրումները․ մի՞թե գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ ահագնացող չափերի արտագաղթ կա, արդարություն չկա, քաղաքացիները պաշտպանված չեն, իսկ կոռուպցիան համակարգային բնույթ է կրում: Մինչդեռ իշխանությունը, ըստ Ջհանգիրյանի, այս ամենը մոռացած, բարեփոխում է Սահմանադրությունը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտարարեց․ - «Քննարկման ներկայացված նախագծով ոչ միայն չի հաղթահարվել քաղաքական մենաշնորհը, այլև մենաշնորհի խնդիրը դուք բարձրացրել ու դարձրել եք սահմանադրական սկզբունք: Այս պարագայում ի՞նչ կապ ունի կառավարման համակարգի ձևի փոփոխությունը: Ի՞նչ կարևոր է՝ եթե այդ բոլոր մարմինները մի քաղաքական ուժի ազդեցության տակ են լինելու»:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նաև կայուն մեծամասնության ապահովման սկզբունքին՝ ընդգծելով, որ սահմանադրական նման նորմը ուղղակի շանտաժի հնարավորություն է ստեղծում․ - «Սահմանադրական այդ նորմը հանգեցնելու է նրան, որ քաղաքական ուժը, որը ստանալու է 30-35 տոկոս ձայն, մյուսին ասելու է՝ դուք ուզո՞ւմ եք այս, այս նախարարների պորտֆելները: Եթե ասի ոչ՝ կասի ավելի լավ, մի ցանկացի, ես երկրորդ փուլի հնարավորություն ունեմ՝ կգնամ երկրորդ փուլ և առանց քեզ նորմալ մեծամասնություն կհավաքեմ, քո աջակցության կարիքն էլ չեմ ունենա»:

Նա նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներածության վերջում ամփոփվում է այն երկրների փորձը, որոնք ունեցել են կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգեր, անցած տարիների ընթացքում թեև բարեփոխել են դրանք, այդ երկրներում, այդուհանդերձ, «գունավոր հեղափոխություններ» են տեղի ունեցել․ - «Ստացվում է, որ մենք փոխում ենք կառավարման համակարգը, որպեսզի խուսափենք գունավոր հեղափոխություններից»:

Հավելենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը արժանացավ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը․ դեմ քվեարկեցին միայն Գագիկ Ջհանգիրյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը:

Նախագիծն արդեն հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG