Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավակնում է միայն բարձր պաշտոնի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հենց ինքը՝ Աբրահամյանը:
«Առայժմ վարչապետի պաշտոնում եմ պատկերացնում, իսկ հետո ժողովուրդը պիտի որոշի... եթե քաղաքական ուժը խորհրդարանական մեծամասնություն ունենա, ինչո՞ւ չէ որ՝ միայն բարձր պաշտոն»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ վարչապետը հայտարարեց, թե Հանրապետականը շարունակելու է քայլերը՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելու համար.- «Նախագահի հետ հանդիպել են քաղաքական ուժերը, նաև խորհրդարանական քաղաքական ուժերը։ Մենք փորձում ենք լայն կոնսոլիդացիա ստեղծել, դա է մեր կարևոր խնդիրը, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն, ինչ ցանկանում ենք բարեփոխել Սահմանադրության մեջ»։
Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է
Այսօր նաև առաջին անգամ վարչապետի մակարդակով հայտարարվեց, որ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է: Այլ թեկնածուների անուններ Աբրահամյանը չնշեց:
«Այո, Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների մեջ է։ Նախարարի պաշտոնակատար կա՝ Արսեն Մկրտչյանը, շատ գրագետ, շատ պատրաստված պաշտոնյա է, և ես համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրվա մեջ այդ հարցը կլուծենք, և ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը չի խաթարվի»։
Նախարարի նշանակման ձգձգումը վարչապետը բացատրեց իր և նախագահի արձակուրդով.- «Հիմա վերադարձել ենք, կլուծենք այդ հարցը»:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին նախագահի հրամանով ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պնդեց, թե Մանուկյանը ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, պատճառների մասին մանրամասներ մինչ այժմ չեն հրապարակվում:
Գրեթե հիսուն օր է՝ Հայաստանը չունի արդարադատության նախարար, և լրատվամիջոցները հավանական թեկնածուների շարքում Արփինե Հովհաննիսյանից բացի նշում են նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ու ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ ազգակցական կապ ունեցող Կորյուն Նահապետյանի անունները:
Հատկանշական է, որ Արփինե Հովհաննիսյանը մինչ այժմ հրապարակավ չի խոսել իր՝ նախարարի թեկնածու լինելու մասին: Դեռ ավելին այսօր էլ պնդեց՝ իրեն նման առաջարկ չի արվել.- «Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել վարչապետի մեկնաբանությունները, ես այդ հարցի կապակցությամբ արդեն մի քանի անգամ մեկնաբանություն տվել եմ, թերևս այսքանը, որևէ այլ բան չունեմ ասելու։
«Ես կարծում եմ, որ ես չէ, որ ինձ պետք է տեսնեմ նախարարի պաշտոնում, և կրկնում եմ՝ այլ մեկնաբանություն այս հարցի կապակցությամբ չունեմ։ Ես արդեն ասել եմ, որ ինձ հարցի կապակցությամբ առաջարկ չի եղել»,- ասաց պատգամավորը։