Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցելու հրավերն անցած շաբավերջին մերժած «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը Ազգային ժողովում այսօր հանդիպեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են Ազգային ժողով հասած փոփոխությունները:
Ռուբիկ Հակոբյանի պնդմամբ՝ հանդիպման որոշումը կայացվել է խմբակցության նիստում․ - «Ընդհանրապես վարչությունը նախ չի մերժել հանդիպում․․․ Երկրորդը, անտրամաբանական կլինի՝ եթե մարդիկ ուզում են քեզ հետ հանդիպել, զրուցել: Մենակ այդ մշակույթը մի քիչ դեռ մեզ մոտ ձևավորված չէ: «Ոչ» միշտ, ցանկացած պահի կարող ես ասել: Քո «ոչ»-ը որպեսզի ավելի համոզիչ լինի, դու պետք է փորձես թե՛ քո համակիրներին, թե՛ լսարանի, թե՛ հանրությանը, թե՛ այդ հանձնաժողովին բացատրես, թե ինչու «ոչ», կամ ինչու «այո»»:
Այսօրվա քննարկման չմասնակցած նույն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանդիպելու հարցով «Ժառանգություն» խմբակցությունում քննարկում չի եղել․ - «Նման հարց խմբակցությունում չի քննարկվել: Որոշում չենք ունեցել, որ պետք է հանդիպենք այդ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Դեռ ավելին, պետք է ասեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում էր կայացրել, որ ընդհանրապես այսպիսի քննարկումներին մենք չենք մասնակցելու»:
Իր գործընկերների այսօրվա հանդիպմանը Փոստանջյանը կոշտ արձագանքեց․ - «Նրանք որպես մասնավոր անձինք են մասնակցել, որը կապ չունի «Ժառանգություն» կուսակցության որոշման և դիրքորոշման հետ: Կարելի է ասել, որ սա հերթական «հաճախորդի» կարգավիճակում քայլ է»:
Արձագանքելով Զարուհի Փոստանջյանի գնահատականին՝ Ռուբիկ Հակոբյանն ասաց․ - «Դա խոսում է իր դաստիարակության մասին: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Թևան Պողոսյանն էլ հակիրճ էր՝ հանդիպմանը մասնակցել է հետագա քննարկումներին տեղեկացաված լինելու և որպես Ազգային ժողովի պատգամավոր իր պարտականություններն ավելի լավ կատարելու համար:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, ասաց, որ կուսակցությունում հարցը չի քննարկվել՝ «կարիք էլ չկար», ուստի արտառոց ոչինչ չի տեսնում այդ հանդիպման մեջ․ - «Սա «Ժառանգության» որոշման հետ որևէ առնչություն չունի: Այսինքն, մեր «ոչ»-ը մնում է «ոչ»: Իսկ քանի որ իրենք պատգամավոր են և պետք է խորհրդարանում իրենց կարծիքը հայտնեն, իրենք փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի անդամների հետ, որոնք հարցը բերել են, հանդիպում են»:
Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, պնդում է․ - «Խնդիրը նրանում է, որ «Ժառանգություն»-ը այդ քննարկումներին չի մասնակցում, որովհետև հասկանում է, որ այդ քննարկումները չեն նպաստելու մեր պետության զարգացմանը, դեռ ավելին՝ հետադիմական քննարկումներ են, որոնք կարող են նույնիսկ հանգեցնել մեր պետության գահավիժմանը: Հետևաբար մենք այսպիսի գործընթացների մեջ չեն ներգրավվի»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները չեն դադարեցնելու: Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ունեն առաջարկություններ, որոնք պատրաստվում են ավելի մանրամասն ձևակերպել:
Հակոբյանը նախանձում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, ովքեր մեծ շուքով են նշում Սահմանադրության օրը․ - «Համաժողովրդական տոն է, երբ նշում են դա։ Բայց այս ավանդույթը պետք է ընդունվի նախ՝ հնարավոր կոնսենսուսով, համաձայնության շրջանակում, և անպայման՝ ազատ, արդար ընտրություններով, հանրաքվեով: Կունենա՞նք նման սահմանադրություն՝ փառք ու պատիվ մեզ, չենք ունենա՝ կլինի այն, ինչ որ մենք ունենք»:
Հանրապետական Հովհաննես Սահակյանն այսօր ողջունեց ընդդիմադիրների մասնակցությունը խորհրդարանական քննարկումներին՝ անկախ նրանից, դրակա՞ն, թե՞ բացասական դիրքերից են հանդես գալիս․ - «Երբ որ նստում են մեկ սեղանի շուրջը և փորձում են քննարկել, պարզ է, որ ինչ-որ մի բան կարող է փոխվել․․․ Տվյալ դեպքում մասնագիտական խումբը կարող է նոր մոտեցումներ լսելով փորձի ինչ-որ փոփոխություններ անել, և մասնագիտական խմբի կողմից հարցադրումները, տեսակետները, որը կհնչեցնեն մեր գործընկերներին, կարող է իրենց մոտ ինչ-որ բան փոխվի: Որովհետև անկաշկանդ քննարկումների ժամանակ, սեղանի շուրջը նստելով և հարցը ավելի խորապես քննարկելու արդյունքում, կարծում եմ, որոշակի տեղաշարժ կարող է լինել»: