Մատչելիության հղումներ

Մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների հեղինակների հանդիպումները ԱԺ-ում


Բաղրամյան 26-ում ընդունելով խորհրդարանական խմբակցություններին՝ Սերժ Սարգսյանն այժմ ինքն է գործուղել սահմանադրական փոփոխությունների հեղինակներին խորհրդարան:

Նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը և մյուս հանձնաժողովական Հրայր Թովմասյանը առաջինը Դաշնակցության աշխատասենյակում էին. մոտ մեկ ժամ փակ դռների հետևում խորհրդակցելուց հետո խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փոխանցեց, որ թեև արդեն կա համաձայնություն հրաժարվելու նախագահի ընտրության ընտրիչների մեխանիզմից, այդուհանդերձ ՀՅԴ-ն ցանկանում է ամրագրել այնպիսի համակարգ, որը թեկուզ հետագայում նաև Սփյուռքին հնարավորություն կտա Հայաստանի նախագահի ընտրությանը մասնակցել։

«Եթե չի լինում Սփյուռքի մասնակցություն, ուրեմն ընտրիչների ինստիտուտը ավելորդ է, Ազգային ժողովը պետք է ընտրի։ Բայց էստեղ մի խնդիր ունենք՝ մենք մտածում ենք որպեսզի Սահմանադրության մեջ կատեգորիկ կերպով չֆիքսենք միայն ԱԺ-ն, եթե հետագայում կգտնենք այնպիսի իրավական մեխանիզմ, իսկապես ժողովրդավարական մեխանիզմ, որով Սփյուռքը կկարողանա նախագահի ընտրությանը մասնակցել, այդ դուռը բաց թողնենք»,- ասաց Վարդանյանը։

ՀՅԴ-ն առարկություն չունի վիճահարույց երկրորդ փուլի առնչությամբ և այսօր արդեն պատրաստ է միանալ «այո»-ի արշավին՝ անպատասխան թողնելով իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու վերաբերյալ արմատական ընդդիմության քննադատությունը։

«Բամբասանքներին, հայհոյանքներին, անտեղյակ մարդկանց պիտակումներին լուրջ չեն վերաբերում և իմաստ էլ չունի։ Մենք իշխանություն եղել ենք, հանգիստ կարող էինք շարունակել իշխանության մեջ մնալ, մեր խնդիրն է գտնել այնպիսի լուծումներ, որ այս երկրում արմատական, որակական բարեփոխումներ կլինեն, մարդկանց մեջ հույս կառաջանա դեպի ապագան»,- ասաց Վարդանյանը։

Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը մերժած «Ժառանգությունն» այսօր խմբակցությունում ընդունեց հանձնաժողովականներին։ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը շուրջ երկու ժամ բանակցում էին Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի հետ։«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պատմեց՝ դարձյալ պնդել են, որ անընդունելի են համարում կայուն մեծամասնություն ապահովող դրույթը։

«Ինձ համար գոնե հանձնաժողովի անդամների կողմից որևէ մեկնաբանություն, փաստարկ, թե ինչու է այսօր Հայաստանում անհրաժեշտ երկրորդ փուլով ձևավորվող կայուն մեծամասնությունը, չնայած էս նախագծում, որ ներկայացրեցրին, որոշ փոփոխություններ կային, որ կարող է նաև առաջին փուլի արդյունքով կոալիցիա ձևավորել, եթե բացարձակ մեծամասնություն չկա, կա համեմատական մեծամասնություն, բայց դա էլ չի հանում մտահոգությունը»,- ասաց Հակոբյանը։

Քննարկելու, բանավիճելու տարածություն այժմ կա, տեղեկացրեց ավելի վաղ բովանդակային քննարկումները մերժող «Ժառանգության» անդամ Ռուբիկ Հակոբյանը՝ շտապելով նաև հայտնել, որ կուսակցությունը դեռ չի պատրաստվում միանալ եռյակի նախկին գործընկեր Հայ ազգային կոնգրեսին՝ տապալելու Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը։

Մասնագիտական հանձնաժողովը վաղը բանակցելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ, ապա իշխող հանրապետականների։ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես փոխանցեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, հանդիպման հրավերը մերժել է:

Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բացատրեց՝ ինչու.- «Եթե մենք Սերժ Սարգսյանի հետ չենք հանդիպում, ի՞նչ իմաստ ունի հանդիպել նրա ներկայացուցչի հետ։ Մենք նրանցից դետալներ ճշտելու չունենք, մենք նրանց հետ բանակցելու որևէ բան չունենք։ Մենք հստակ հասկանում ենք, որ նրանք պատրաստվում ենք արդեն սահմանադրորեն ձևակերպել իշխանության բռնազավթումը Սերժ Սարգսյանի կողմից»։

Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կոնգրեսն ակտիվ մասնակցելու է այս ուրբաթ կայանալիք լսումներին, ապա խորհրդարանի լիագումար նիստերին և փոփոխությունների հակաքարոզչությանը։

«Դրանք լրիվ այլ ֆորմատներ են, այդտեղ մենք ոչ մեկի հետ չենք բանակցում, օգտագործում ենք այդ ֆորմատները մեր քարոզչության համար՝ մեր կարծիքը և մեր հիմնավորումը ժողովրդին հասցնելու համար։ Ասեմ՝ Սերժ Սարգսյանի հետ էլ կարելի էր նույն բանը անել, եթե մեր հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվեր, որովհետև այդ դեպքում մենք ժողովրդի հետ կխոսեինք և ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, և թող ինքն էլ իր տեսակետները ներկայացներ, արդեն ժողովուրդը թող որոշեր, թե ով է ճիշտ»,- ասաց Զուրաբյանը։

XS
SM
MD
LG