Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ կքվեարկի սահմանդրական փոփոխությունների նախագծին, եթե իր առանցքային առաջարկները հաշվի չառնվեն։
Իրավաբան պատգամավորը առաջարկների 20 էջանոց փաթեթ է մշակել, որը հաջորդ շաբաթ կներկայացնի մասնագիտական հանձնաժողովին։ «Եթե տեքստը մնա այս տեսքով, բնականաբար դեմ եմ»,-ասում է պատգամավորը:
Նա առաջարկում է վերացնել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու մասին վիճահարույց դրույթը և բացառել 2-րդ փուլի հնարավորությունը։
«Եթե հնարավորություն չլինի բանակցությունների արդյունքում ձևավորել կառավարություն, ապա պետք է խորհրդարանական նոր ընտրություններ տեղի ունենան, ինչպես որ մի շարք ժողովրդավարական երկրներում է: Ասել, որ դա կբերի խորհրդարանի պերմանենտ ցրման և պերմանենտ ընտրությունների և այդ փաստարկով բերել ամրագրել մի դրույթ, որը հնարավոր է՝ ընդհանրապես փոքր կուսակցությունների դերը նվազեցնի, սա, կարծում եմ, ընդունելի չէ»,- «Ազատության» հետ զրույցում նշում է պատգամավորը:
Կառավարման խորհրդարանական մոդելին Էդմոն Մարուքյանը կողմ է: Բայց ոչ այն տեսքով, որն առաջարկվում է։ «Հավասարակշռման դեր պառլամենտը չունի, մինչդեռ վարչապետին տրվում են այսօր գործող կիսանախագահական համակարգի գերհզոր լիազորություններ»,-ասում է Մարուքյանը: Խորհրդարանի լծակներն ուժեղացնելու համար պատգամավորն առաջարկում է՝ ոչ միայն վարչապետի, այլ նաև նախարարների թեկնածուներին հաստատել խորհրդարանում։
Վանաձորից մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական դարձած պատգամավորը նաև առաջարկում է 100 տոկոսով համամասնական ընտրակարգի փոխարեն անցում կատարել 100 տոկոսով մեծամասնականի:
«Օրինակ՝ իմ ընտրատարածքը ցուցակով ունի 60 հազար ընտրող: Հիմա էդ տարածքը դառնալու էր մոտ 16 հազար ընտրող ունեցող, և ցանկացած քաղաքական գործիչ, որը հանրային քաղաքականությամբ է զբաղվում, նա կարող էր այդտեղ առաջադրվել, ցանկացած օլիգարխի հետ մրցակցել այդ տարածքում և հաղթել: Ցանկանում են կուսակցություննե՞րը կայացնել, ուրեմն պետք է ամրագրել, որ կուսակցությունն է առաջադրում այդ մարդկանց»,-փաստարկում է Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի համոզմամբ, գործող Սահմանդրությունը մարդու իրավունքների պաշտպանության ավելի լավ երաշխիքներ է տալիս: Այդ առումով նա նախախիծը հետընթաց է համարում, ոչ թե բարեփոխում։
«Հանձնաժողովի անդամների կողմից պնդում կա, որ առաջարկվող տարբերակն ավելի լավն է, քանի որ այն եվրոպական կոնվենցիայի, եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո է ձևավորվել: Հետևյալ հակափաստարկն եմ բերում՝ միջազգային իրավունքը սահմանում է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներ, սա համընդհանուր հայտնի փաստ է: Եվ այս առումով, մեր այսօրվա ունեցած բարձր չափանիշները զիջել գնալ միջազգային չափանիշներին, ճիշտ մոտեցում չէ»:
Մարուքյանը մանրամասնում է՝ սահմանափակվել են սեփականության, անմեղության կանխավարկածի, հավաքների ազատության ու մի շարք այլ իրավունքներ։ Սեփականության իրավունքի մասով, օրինակ, մայր օրենքի նախագիծն ամրագրում է. «Սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը և կարգը սահմանվում են օրենքով»:
«Արտադատական ընթացակարգերով մարդկանց սեփականության իրավունքը սահմանափակվում է, մարդիկ սեփականազրկվում են, խոսքը տարբեր մարմինների կողմից կազմված վարչական ակտերի մասին է, որոնք որ առանց դատարանում ստուգվելու դառնում են վերջնական ակտեր և ԴԱՀԿ ծառայությունը այն կատարում է: Այն դեպքում, երբ այն դատական ակտերի կատարման ծառայություն է: Բայց դա դատական ակտ չէ: Հիմա որպեսզի այս արատավոր պրակտիկան բերվի այն դաշտ, որ ասեն, որ դա ճիշտ է, Սահմանադրությունում սեփականության իրավունքը նվազեցվել է»,-պարզաբանում է Մարուքյանը:
Անկախ պատգամավորի համար օրակարգային հարց չէ «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզարշավին մասնակցելը, օրակարգային հարցը Մարուքյանի համար գործընթացի վրա ազդելն է։
«Նախ՝ կողմերն այս պահին բացահայտված չեն, գոնե «Ոչ»-ի հետ կապված, թող բացահայտվեն, որ ես իմանամ ում հետ և ինչի համար պետք է համագործակցեմ»,-ասում է Էդմոն Մարուքյանը: