Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը․ ԼՐԱՑՎԱԾ


Ծեծի է ենթարկվել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը
please wait

No media source currently available

0:00 0:09:58 0:00

«Շղթան եկել հասել է Հրազդան: Վաղը կարող է հասնի Նոյեմբերյան, տարբեր տեղեր», - ասում է ՀԱԿ վարչության անդամը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն ուրբաթ երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում ծեծի է ենթարկվել իր տան բակում:

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հրազդան քաղաքի հիվանդանոց: Դեպքից մի քանի ժամ անց՝ «Ազատության» այցի պահին, Փիլիպոսյանը գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարը պատմեց, որ անհայտ անձինք երեկոյան զանգահարել են իրեն և հրավիրել զրուցելու: Այնուհետև, երբ դուրս է եկել տնից, առնվազն երկու հոգի հարձակվել են իր վրա, հարվածներ հասցրել և գցել գետնին:

«Զանգահարել են, դուրս եմ եկել, ինչ-որ գործ ունեին ինձ հետ քննարկելու՝ գործի բերումով դե շատ է ստացվում, որ այդ ձևով դուրս եմ գալիս, դուրս եմ եկել և ենթարկվել եմ հարձակման: Երևի երկու հոգի, համենայն դեպս՝ մի հոգի չէր հաստատ, հնարավոր է նաև ավել` հետևից էլ եմ հարված կերել, ընկել եմ, էլ չգիտեմ», - փոխանցեց Փիլիպոսյանը:

Միջադեպից հետո նա զանգահարել և օգնության է կանչել ընկերոջը, ով կանչել է ոստիկանություն և շտապօգնություն:

Հերթապահ բժշկի խոսքով՝ Փիլիպոսյանի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդ: Նրա դեմքն այտուցված էր, ձախ աչքի շրջանում կային ուժեղ կապտուկներ:

Կեսգիշերին մոտ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանությունը պարզել է կասկածյալների ինքնությունը՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ:

Երեկոյան Հրազդանի հիվանդանոցում գտնվող ՀԱԿ-ի վարչության անդամ Արամ Բարեղամյանը պատմեց, որ ոստիկանության հաղորդագրության մեջ հիշատակվող Ռոմանը նախկինում մի քանի անգամ սպառնացել է Աշոտ Փիլիպոսյանին: Բարեղամյանի վկայությամբ՝ այդ անձնավորության հետ կոնֆլիկտը ծագել է այս տարվա սեպտեմբերին, երբ Փիլիպոսյանն իր ընկերների հետ ոչ իշխանական եռյակի հանրահավաքների իրազեկում է իրականացրել Լեռնանիստ գյուղում:

«Հենց դուրս են եկել, նոր ես իմացա, որ Աշոտին հարցրել են՝ «հիշո՞ւմ ես՝ դու Լեռնանիստ գյուղում սենց բան ես ասել», ու խփել են: Ես կարծում եմ, որ էս բանդան՝ էսպես եմ ես արդեն ասում, առիթից օգտվելով [Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար] Լյովա Երանոսյանի ասածները՝ էն ասածները, որ պատրաստ էր ականջը կտրելու, ովքեր հայհոյում են Սերժ Սարգսյանին, նրանք ոգևորվել են, և էդ շղթան եկել հասել է Հրազդան: Վաղը կարող է հասնի Նոյեմբերյան, տարբեր տեղեր», - ասաց Բարեղամյանը:

Կեսգիշերին Հրազդան հասած Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում, վերհիշելով նախօրեին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքը, ասաց, որ կասկածներ չունի՝ բռնությունների պատվիրատուն, միանշանակ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է: «Որովհետև, կարծում եմ, Հայաստանում նման կարգի ահաբեկչություն, նման կարգի ծրագրված հարձակումներ հնարավոր չի առանց բարձրագույն իշխանության տեղեկատվության՝ մեկ, և երկրորդը՝ այդ բոլոր հարձակումները շատ արագ կբացահայտվեին և հանրությունը տեղեկացված կլիներ պատճառների և կատարողների մասին», - մանրամասնեց Կարապետյանը:

Ի դեպ, այսօր Աշոտ Փիլիպոսյանը լրացուցիչ ստուգումներ անցնելու համար տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան Երևան տեղափոխած Արամ Բարեղամյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ Փիլիպոսյանի մոտ հաստատվել է նախնական ախտորոշումը: «Ուղեղի ցնցում, սալջարդ և աչքի այտուցի հետ կապված: Բժիշկը ասաց, որ երեք օր արդեն տան պայմաններում թող պառկի, մի խոսքով՝ արդեն գնում ենք տուն», - փոխանցեց նա:

Հիշեցնենք՝ «Նախախորհրդարան»-ի մեքենաների այրումից և Գևորգ Սաֆարյանին մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո, Հրազդանի ՀԱԿ կառույցի ղեկավարի հետ տեղի ունեցած միջադեպն արդեն չորրորդն է վերջին շաբաթվա ընթացքում:

Ազատամարտիկները հավաքվել էին Եռաբլուրում

Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող բռնությունները և հատկապես ազատամարտիկներին ծեծի ենթարկելու միջադեպերը դատապարտելու համար այսօր առավոտյան Ղարաբաղյան պատերազմի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել էին Եռաբլուրում: Սոցցանցերում տեղադրված են նրանց ելույթները, տեսանյութերում, սակայն, հիմնականում եթերին ոչ հարիր բառապաշար, հայհոյանքներ ու սպառնալիքներ են:

Սասուն Միքայելյանն իր ելույթում բոլորին կոչ է անում առանց կուսակցական պատկանելիության և կողմնորոշման միավորվել և տեր կանգնել «խեղճուկրակ ժողովրդին»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դատապարտել է ազատամարտիկների հանդեպ վերջին բռնությունները՝ միաժամանակ կոչ անելով նրանց երկու թշնամական ճամբարի չբաժանել:

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Սեյրան Օհանյանը հորդորում է չքաղաքականացնել երևույթը:

«Պաշտպանության նախարարը դեռ Մարդու իրավունքների պաշտպանության օրը հայտարարեց, որ ինքը միանշանակ դատապարտում է նման գործողությունները և անձամբ ուսումնասիրում է և նաև կոչ է անում, որպեսզի չշահարկեն այս իրավիճակը և որոշ մարդիկ ազատամարտիկներին չօգտագործեն, չփորձեն օգտագործել ինչ-ինչ նպատակներով», - ասաց Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG