Մատչելիության հղումներ

Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկները «հետապնդումների են ենթարկվում»


Ազատամարտիկ. «Ուզում էին գլուխս աղցան սարքեին»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Ազատամարտիկները իրենց հետ կատարվածը իշխանությունների կողմից ընդդիմախոսներին լռեցնելու փորձ են որակում։

Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկները իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամները։

Նրանք պատմեցին, որ երկու օր առաջ հարձակման են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ այսօր առավոտյան չորս դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Վերջինս գանգուղեղային վնասվածքով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

«Առավոտյան դուրս եկա իմ առօրյա գործերով, ընկերներս փողոցում կանգնած էին, մի քանի մետր մայթով քայլեցի, մեքենայի միջից ֆորմով, դիմակներով տղաներ դուրս եկան՝ չորս հոգի, ու հարձակվեցին։ Ասացին՝ դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրեն բան ես ասում: Ձեռքները բաներ կային, ես հասկացա, որ ուզում են գլուխս ջարդել, բռնեցի գլուխս։ Ընկել էի, իրենք պպզել էին, գլխիս էին խփում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Սարգսյանը։

Բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահրամ Համբարձումյանն ասաց, որ ազատամարտիկը գլխուղեղի ցնցում է ստացել, վիրահատության կարիք չունի, կյանքին վտանգ չի սպառնում:

«Հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, դիմային ոսկրերի կոտրվածք՝ ձախից։ Նախնական ախտորոշումը՝ գլխուղեղի ցնցում։ Ստանում է կոնսերվատիվ բուժում, վիրահատական միջամտության կարիք հիվանդը չունի, ընդհանուր վիճակը կայուն է», - փոխանցեց բժիշկը։

Ազատամարտիկն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իր հետ պատահածը իշխանությունների կողմից ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է՝ ընդգծելով, որ չեն վախենում ու հանձնվել ևս չեն պատրաստվում։

Սարգսյանը մեկն է այն տասնյակ ազատամարտիկներից, որոնք մասնակցում էին եռյակի՝ իշխանափոխություն պահանջող ցույցերին:

«Փորձում են այսպես՝ վախեցնելու միջոցով [լռեցնել մեզ]։ Երկու օր առաջ էլ մեր տղաների [վրա էին հարձակվել]՝ Մանվել Եղիազարյանի և Ռաֆիկ Պետրոսյանի։ Իշխանությունները փորձում են ահաբեկման գործողություններն առաջ տանել», - ասաց ազատամարտիկը։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Սուրեն Սարգսյանի վրա հարձակման դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում:

Երկու օր առաջ, իրենց խոսքով, հարձակման ենթարկված Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը նույնպես ընդգծեցին, որ հետապնդվում են ընդդիմադիր հայացքների համար:

«Արաբո» ջոկատի հրամանատարը պատմեց, որ իրենց վրա հարձակվողները վեճը սկսել են քաղաքական հարցեր պարզելով։

««Բա, մենք ձեր կողքի կուպեում հաց էինք ուտում», մեզ էին ասում. «Բա, էդ ի՞նչ էիք խոսում՝ իշխանափոխություն եք ուզում անել, նախագահ եք ուզում փոխել, մեր նախագահը...»։ Ասացինք՝ երիտասարդ, դու ո՞վ ես։ Ասաց՝ քաղաքացի։ «Մենք էլ ենք քաղաքացի, մենք էլ մեր կարծիքն ունենք, ամեն մարդ իր կարծիքն է արտահայտում», մենք պատասխանեցինք, ու իրենք սկսեցին Ռազմիկին քաշել, վրա տվեցին, խառնվեցինք իրար, իրար մի լավ ճանկռեցինք ու եկանք տուն։ Սարսափելի բան չի եղել, բայց դա չի նշանակում, որ չէր կարող չլինել։ Մենք մնում ենք մեր կարծիքին՝ Հայաստանը պետք է կարգի գա, սա մեր հայրենիքն է, մենք վախենում ենք Հայաստան երկիրը կորցնելու համար, ժողովրդի վիճակն օրհասական է», - ասաց Մանվել Եղիազարյանը։

Բռնության մասին հայտարարող ազատամարտիկները, այդ թվում՝ հիվանդանոցում գտնվող Սուրեն Սարգսյանը ոստիկանություն չեն դիմել, ասում են՝ չեն վստահում իրավապահ մարմիններին:

Այսօր ազատամարտիկները հավաքվել էին քննարկելու իրավիճակը։ Նրանք միաձայն պնդեցին՝ չեն վախենում և շարունակելու են իշխանափոխություն պահանջել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG