Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը


Ծեծի է ենթարկվել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը
please wait

No media source currently available

0:00 0:09:58 0:00

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն այսօր երեկոյան ծեծի է ենթարկվել:

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարը պատմեց, որ անհայտ անձինք երեկոյան զանգահարել են իրեն և հրավիրել զրուցելու: Այնուհետև, երբ նա դուրս է եկել տնից առնվազն երկու անծանոթ հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել և գցել գետին:

Միջադեպից հետո Փիլիպոսյանը զանգահարել և օգնության է կանչել իր ընկերոջը, ով կանչել է ոստիկանություն և Շտապօգնություն: Այցի եկած բժիշկը ընդդիմադիր գործչի մոտ ախտորոշել է ուղեղի ցնցում և կրծքավանդակի սալջարդ: Նրան տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, Փիլիպոսյանն այժմ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Բժշկի խոսքով հիվանդի վիճակը կայուն է:

«Ես ենթադրում եմ, որ սա կապված է իմ քաղաքական գործունեության հետ», - մեզ հետ զրույցում ասաց Փիլիպոսյանը:

Միջադեպի առնչությամբ ստացված ահազանգի առնչությամբ ոստիկանությունը կեսգիշերին մոտ հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ»:

Փիլիպոսյանի ընկեր Արամ Բարեղամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փիլիպոսյանին ծանոթ է թվացել ոստիկանության հաղորդագրությունում հիշատակվող Ռոման անունը: Բարեղամյանը պատմեց, որ մոտ երեք ամիս առաջ` Լեռնանիստ գյուղում ոչ իշխանական եռյակ ուժերի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնելիս, Փիլիպոսյանի ղեկավարությամբ իրազեկում անցկացնող ակտիվիստների խմբին նախ դիմավորել է Լեռնանիստի գյուղապետը ու փորձել խոչընդոտել ակցիան: Տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ընդդիմադիրները շարունակել են իրազեկումը, սակայն այդ օրվանից հետո պարբերաբար` երկու-երեք օրերի ընթացքում, Փիլիպոսյանին է զանգել ոմն Ռոման և սպառնալիքներ հնչեցրել` հիշեցնելով Լեռնանիստի միջադեպը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել նաև «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG