Մատչելիության հղումներ

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրված է Մարտի 1-ի նախաքննությամբ և Շանթի գործով


ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրված է Մարտի 1-ի նախաքննությամբ և Շանթի գործով
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրված է Մարտի 1-ի նախաքննությամբ և Շանթի գործով

Նիլս Մուժնիեկսը երեկվանից հանդիպումների շարք է սկսել Հայաստանում։

«Մարտի 1»

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, որը երեկվանից հանդիպումների շարք է սկսել Հայաստանում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների թեման իրեն հետաքրքրում է։

«Այո, անշուշտ, դա հարցերից մեկն է, որ մենք դիտարկում ենք: Եվ դա այն հարցերից մեկն է, որ ես բարձրացնելու եմ այս շաբաթ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ Եվ ես հույս ունեմ, որ ավելին կիմանամ նախաքննության վերաբերյալ, և նրանց կհորդորեմ, որ ավելին անեն», - «Ազատությանն» ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

Մինչդեռ փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ հանձնակատարի հայտարարությունը Մարտի 1-ի մասին որևէ արժեք չունի, եթե հանձնակատարի նախաձեռնությամբ նախատեսված չեն հանդիպումներ զոհերի հարազատների և գործին տեղյակ անձանց հետ:

Շանթի գործ

Շանթ Հարությունյանն ու իր 15-ամյա որդին դատարանի դահլիճում: 8-ը սեպտեմբերի, 2014թ․.
Շանթ Հարությունյանն ու իր 15-ամյա որդին դատարանի դահլիճում: 8-ը սեպտեմբերի, 2014թ․.

Երեկ երբ հանձնակատարը շտապում էր փակ հանդիպում ունենալ իրավապաշտպանների հետ, նրան մոտեցան Շանթ Հարությունյանի և նրա կալանավորված ընկերների հարազատներն ու ներկայացրին նոյեմբերի 5-ի գործի մանրամասները:

Շանթի կինը՝ Ռուզան Բադալյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ներկայացրել են քաղբանտարկյալների խնդիրները։

«Ներկայացրինք, թե ինչ վիճակ էր՝ ոստիկանների անօրինական գործողություններից սկսած, ընդհուպ մինչև մեր նախագահի հայտարարությունը Կոլումբիայի համալասարանում։ Նա խոստացավ հետամուտ լինել», - ասաց Բադալյանը։

Նա հանձնակատարին տեղեկացրել է նաև, որ իր 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին մեղադրողը հինգ տարվա ազատազրկման դատապարտելու պահանջ է ներկայացրել։

«Ասեցինք, որ նաև անչափահաս կա քաղբանտարկյալների մեջ, [Նիլս Մուժնիեկսն] ասեց, որ 15-ամյա երեխան ընդհանրապես պետք է չնստի», - փոխանցեց Շահեն Հարությունյանի մայրը։

Շանթի գործով ամենախիստ պատժաչափի՝ 8.5 տարվա ազատազրկման դատապարտվելու վտանգի տակ իր քաղաքական պայքարը կալանավայրում շարունակող Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը հանձնակատարի հետ հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ դրական արդյունք կստանան։

Ըստ մեղադրանքի՝ հոգեմետ նյութ, իսկ ընտանիքի պնդմամբ՝ շան ժամկետանց դեղ պահելու և Շանթի ակցիային միանալու համար 6 տարվա ազատազրկման դատախազական պահանջի պայմաններում էլ իր քաղաքական պայքարը կալանքի տակ շարունակող Հայկ Հարությունյանի մայրը հանձնակատարի հետ հանդիպումից հետո ասաց, որ հանձնակատարը խոստացել է զբաղվել նոյեմբերի 5-ի գործով։

Սակայն հանձնակատարը, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ պետք է ուսումնասիրի Շանթի գործի վերաբերյալ երեկ իրեն հանձնած նամակը, իսկ մինչ այդ ձեռնպահ մնաց գնահատականից:

Նամակում նկարագրված է Շանթի գործը, նաև գրված է, որ Շանթն ու ընկերները քաղաքական բանտարկյալներ են: Նրանց ցանկում է Շանթի դատավարության մեկնարկին դատարանի բակում ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացնելուց հետո ծանր մեղադրանքով կալանավորված Հայկ Կյուրեղյանի անունը:

Վոլոդյա Ավետիսյանի հարցը

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ: Երևան, 13-ը մայիսի, 2013թ․
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ: Երևան, 13-ը մայիսի, 2013թ․

Բացի այդ, հանձնակատարին երեկ մոտեցավ նաև ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը և փոխանցեց քաղաքական ակցիաներից հետո խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված իր մարտական ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի գործը։

«Նա կարող է այս հարցը բարձրաձայնել և է՛լ ավելի մեծ ուշադրություն սևեռել այս հարցին, որպեսզի Ստրասբուրգում էլ ավելի արագ նայեն էս հարցերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարուխանյանը։

Տարիներ շարունակ չբացահայտված սպանություններ՝ բանակում

Հանձնակատարին իրենց դժգոհությունները փոխանցեցին բանակում անցած տարիներին, խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերը:

Անմեղության կանխավարկած

Հանձնակատարի հետ հանդիպումից հետո Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն «Ազատության»-ն ասաց, որ ներկայացրել է դատաիրավական համակարգի խնդիրները։

«Ազատության» հարցին, թե հանդիպմանը քննարկվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ մինչև դատավճիռն արած հայտարարությունը Կոլումբիայի համալսարանում, Իշխանյանը պատասխանեց. - «Այո, էդ մասին ես էլ ասացի, որ, փաստորեն, անմեղության կանխավարկածը խախտվեց»։

Իդեպ, հանձնակատարը Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց՝ «թուլ տվեք կարդալ փաստաթղթերը»:

Հանդիպում՝ իրավապաշտպանների հետ

Հանձնակատարի հետ փակ հանդիպումից հետո իրավապաշտպան Ժաննա Ալեքսնայնանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանձնակատարին ներկայացրել է քաղաքական ակցիաներից հետո խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի և պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի նկատմամբ Հայաստանի ոստիկանապետի և բարձարստիճան այլ ոստիկանների կիրառած ճնշումների և բռնությունների մասին։

«Եվ մասնավորապես Վարդան Վարդանյանի հայտարարություններից հետո, որ Վովա Գասպարյանն իրեն խոշտանգումների է ենթարկել և բռնության է ենթարկել, դրանից հետո, որ տղայի նկատմամբ բանակում շարունակվել էր այդ սպառնալիքը։ Շանթ Հարությունյանի որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին նոյեմբերի 5-ի գիշերը ոստիկանության բաժանմունքում պահելը և բռնությունների ենթարկելը, ես նաև դրա մասին եմ խոսել, նաև այն մասին, թե ինչպես էին վերաբերվում օմբուդսմենին, երբ նա Ազգային ժողովում օրերս զեկույց էր ներկայացնում», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հանձնակատարին փոխանցել է նաև ցմահ բանտարկյալների խնդիրները, Վարդան Պետրոսյանի գործի քննության ժամանակ արձանագրվող ապօրինությունները: Բացի այդ՝ հանձնակատարի ուշադրությանն է հրավիրել նաև բանակում տեղի ունեցած սպանությունների գործերի հետ կապված հարցերը։

«Կեղծվում են փորձաքննությունները։ Ես նաև նշեցի, որ Գևորգ Կոստանյանը, լինելով գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչն է Հայաստանի կողմից, ինչին արձագանքեց հանձնակատարը, և ասաց, որ բավականին տարօրինակ համադրություն է։ Բուդաղյանների գործի մասին, թե ինչպես է Գևորգ Կոստանյանը բացահայտ և այսպես հրապարակային պաշտպանում այդ գործի ելքը և հենց ինքը փակեց այդ ելքը, և այն, որ այսօր Սուրիկ Խաչատրյանը գլխավորում է նորից Սյունիքի մարզպետարանը, այն պահին, երբ այնտեղ քրեական գործը շարունակվում է քննվել», - ասաց Ալեքսանյանը։

Ի դեպ, հանձնակատարն առաջին պաշտոնական այցով է Հայաստանում: Առաջիկա օրերին նախատեսված են նաև հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանձնակատարը պետք է զեկույցով հանդես գա:

XS
SM
MD
LG