Շանթի Հարությունյանի ու ընկերների աջակիցները նախատեսում են բողոքի ակցիաներ սկսել այս գործով դատական նիստերից առաջ՝ «Անմեղության կանխավարկածը խախտող նախագահն ինքն է հանցագործ» կարգախոսով։
Ակտիվիստներին զայրացրել է օրեր առաջ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։ Դրանով նա խախտել է անմեղության կանխավարկածը, հայտարարում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նախագահը բացահայտեց Հայաստանի քաղաքական և դատաիրավական իրավիճակը, որ ինքն է որոշում ամեն ինչ»,- ասաց Իշխանյանը.- «Փաստորեն, Հայաստանում գործում է այս սկզբունքը, որ ընկերներին ամեն ինչ թույլատրվում է անել, իսկ օրենքները հակառակորդների համար են»։
Զուգահեռներ անցկացնելով սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի ու Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխության միջև, Իշխանյանը վրդովված նկատում է, թե այդ ինչպես ստացվեց՝ Խաչատրյանի որդին ազատվեց քրեական պատժից ինքնապաշտպանության համար, իսկ Շանթի անչափահաս որդու՝ Շահենի արարքը որակվեց ծանր հանցագործություն։
«Անչափահաս տղան, որ փորձում է հորը պաշտպանել, նրան 5 տարի են առաջադրում։ Կարո՞ղ է մի ողջամիտ մարդ սա բացատրել»։
Շանթ Հարությունյանի աջակիցները քննադատում են նաև ընդդիմությանը՝ նրան քաղբանտարկյալ չճանաչելու և չաջակցելու համար։ Եռյակի հանրահավաքների ժամանակ մինչ օրս որևէ խոսք չի հնչում Հարությունյանի կամ էլ Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարի մասին։ Դա եռյակին ձեռնտու չէ, քանի որ Շանթը դեմ է այդ միությանը, նկատում է Իշխանյանը։
«Որովհետև իրենցից չէ, եթե իրենցից մեկը նստած լիներ, ապա մեծ աղմուկ կբարձրացնեին։ Այստեղ շատ նեղ կուսակցական էգոիզմ կա։ Հայ-ռուսական բարեկամության ֆոնին ընդդիմության հանրահավաքում չէր կարող հնչել Շանթի պաշտպանությունը»,- ասաց իրավապաշտպանը։
Մեղադրողը Շանթ Հարությունյանի և ընկերների գործով պահանջել է 4-8.5 տարվա ազատազրկում։