Մատչելիության հղումներ

Շանթի փաստաբանը դատավորին հորդորում է «վեր կանգնել» Սերժ Սարգսյանի ազդեցությունից


Խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների գործով այսօրվա դատական նիստում բարձրացվեց գործի առնչությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականի հարցը:

Հիշեցնենք՝ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանն ի պատասխան ուսանողներից մեկի հարցին, ասել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, հետո էլ պնդել էր, թե՝ «Հարությունյանը հանցագործություն է կատարել»: Մինչդեռ այսօր դատական նիստերի դահլիճը կրկին «հերոսներ» վանկարկումներով դիմավորեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնելուց հետո խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանին և նրա 13 համախոհներին:

Շանթի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանին հայտնեց, որ հարկ է համարում դատարանում հայտարարություն անել Սերժ Սարգսյանի գնահատականի վերաբերյալ: Դատավորը դա թույլ չտվեց: Նիստից հետո Ինեսա Պետրոսյանն «Ազատությանն» ասաց այն, ինչ մտադիր էր ասել դատավորին:

«Վճռական պահին, երբ որ արդեն պաշտպանական ճառերի փուլն է, հանկարծ ելույթ է ունենում մեր նախագահը, և պատասխանելով ուսանողների հարցերին՝ հստակ ասում է, որ խուլիգանություն է կատարել և պետք է դատապարտվի: Ըստ էության, մենք արդեն այս դատաքննությունից որևէ սպասելիք չունենք: Ամեն ինչ կանխորոշված է, մնում էր, որ պարոն նախագահը ուղղակի ասեր, թե ով ինչքան պատժի պիտի ենթարկվի», - հայտարարեց փաստաբանը, - «Ես ուղերձ էի ուզում հղել [դատավորին], որ այնուամենայնիվ, նախագահի կողմից խախտվեց անմեղության կանխավարկածը և դատավորը, որպես արդարադատություն իրականացնող անձ, վեր կանգնի այդ ամենից և իրականում արդարադատություն իրականացնի, չնայած՝ անձամբ չեմ հավատում»:

Դատավորն այսօր Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ մեկ այլ հայտարարություն նույնպես կանխեց: 5 անչափահաս երեխայի հայր, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանության մեջ մեղադրվող Ալեք Պողոսյանը հասցրեց ընդամենն արտաբերել մեկ նախադասություն․- «Ես հասկանում եմ, որ այս դատավարությունը լրիվ ֆարս է և հրամաններ է․․․ ասենք, սպասեք՝ կարդամ»:

Դատավորը թույլ չտվեց, որ Ալեք Պողոսյանն իր ասելիքն ավարտի: Ալեք Պողոսյանն, ի դեպ, այսօր հանրային պաշտպան խնդրեց, այդ պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Նիստից հետո այս դատավարության գլխավոր թեմա դարձած Սերժ Սարգսյանի հայտարարությունը գնահատելով՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը դժգոհեց, ասաց՝ Սերժ Սարգսյանն իրեն վերագրել է դատավճիռ կայացնելու իրավասություն:

«Դե ֆակտո կայացրել է վճիռ, որը դե յուրե առաջին ատյանի դատարանում կհնչեցվի դատավորի կողմից», - ասաց նա:

Սերժ Սարգսյանն, ըստ Արթուր Սաքունցի, հետևում է Ռոբերտ Քոչարյանի օրինակին: Իրավապաշտպանը հիշեցրեց 2008 թվականի փետրվարի 26-ին Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը, թե՝ շատերը բանտերում են հայտնվելու և իրականում այդպես էլ եղավ:

Այսօր քաղաքացիներն ու իրավապաշտպանները դատարանի բակում ակցիա իրականացրին․ իրենց աջակցությունը հայտնեցին Շանթին և նրա գաղափարակից ընկերներին:

«Եթե մեր հասարակությունը թույլ տա, որ Շանթը իր ընկերների հետ դատապարտվի, ուրեմն մեր հասարակությունը այնքան թույլ է, որ ես չգիտեմ՝ ուրեմն մի խարան կլինի մեր հասարակության ճակատին», - հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարեց․ - «Ազատություն Շանթ Հարությունյանին և ամոթ մեզ, որ այսքան երկար հանդուրժում ենք այս գավառական խրտվիլակների իշխանությունը»:

Բողոքի ակցիան համակարգող Վրեժ Զատիկյանը անտեղյակներին ներկայացնում էր Շանթի և ընկերների քաղաքական գործունեությունը՝ «նրանք պայքարում էին ռուսական կայսրության դեմ»:

Բողոքի ակցիան շարունակվեց մինչև Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Հայկ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին և նոյեմբերի 5-ից հետո իրենց քաղաքական պայքարը կալանքի տակ շարունակող մյուս քաղաքացիներին դատարանից կալանավայր տանելը:

Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 3-ին, նույն օրը նախատեսվում է երթ՝ դատարանի բակից դեպի նախագահական:

XS
SM
MD
LG