Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը սպառնում է ընդդիմադիր պատգամավորներին


«Անհարմար հարցեր» Հովիկ Աբրահամյանին
please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00

Ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարցերն այսօր հիմնականում վերաբերում էին Սյունիքի վերանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյան Աբրահամյանին:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, միջնորդեց Կառավարությունում աշխատանքի տեղավորել «անաղարտ կենսագրության» տեր մի անձի: Պատգամավորը հանգամանորեն ներկայացրեց այդ կենսագրությունը` պահպանելով ի սկզբանե վերցրած հեգնական խոսքերանգը. - «Ծնվել է 1956 թվականին: Ստացել է փայլուն կրթություն. 1995 թվականին ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Երեք անգամ տարբեր պատժաչափերի է դատապարտվել տարբեր հանցագործությունների համար` հանրային սեփականության հափշտակություն գողության միջոցով, գողություն, ավտոմեքենայի գողություն: Նա դատապարտվել է նաև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար` դանակահարել է ինչ-որ մեկին: Նա օրը ցերեկով հանրային վայրում ծեծի է ենթարկել նույնիսկ մի հայտնի կնոջ` տեսախցիկների առաջ: Ծեծի է ենթարկել նաև մի երեխայի, ով իր որդու հետ կոնֆլիկտ է ունեցել: Բոլորովին վերջերս մարդ է սպանել…Պարոն վարչապետ, չե՞ք կարծում, որ Ձեր Կառավարության արժանի կադր է»:

Հովիկ Աբրահամյանի պահանջով Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը Սուրիկ Խաչատրյանին է վերաբերում. - «Կարդացի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունը… Սոււրիկ Խաչատրյանը 2014 թվականին ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք և ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Այսինքն` եթե մենք հանցավորությունը չենք կարողանում հաղթահարել երկրում սովորական, հայտնի մակարդակներով, գուցե Ճի՞շտ մեթոդ ենք ընտրել. հանցագործներին տանում ենք Կառավարություն, և նրանք մի քանի տարվա ընթացքում ռեցիդիվիստից վերածվում են դոկտոր, պրոֆեսորի»:

Վարչապետն արձագանքեց, որ այդ առաջարկն իր համար ընդունելի չէ և շարունակեց. - «Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Խաչատրյան Սուրիկին նշանակել եմ, ես ինքս եմ առաջարկել… մարզպետի պաշտոնում` ուղղակի հաշվի առնելով իր` տարածքային կառավարման մարմիններում աշխատած փորձը, սյունեցիների առաջարկը»:

Թեման նույն ոգով շարունակեց Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»): Ասաց, թե մի սյունեցուց նամակ է ստացել. - «Քաղաքացին պնդում է, որ Սյունիքի մարզպետ նշանակվելու համար մրցույթ է հայտարարվել և հայտնում է հետևյալը. «Սևան» քրեակատարողական հիմնարկից իրեն ուղարկված քսիվով տեղեկացրել են, որ Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնում մարզպետ նշանակելու համար փնտրում են հարմար թեկնածու քրեական աշխարհից և քրեական աշխարհում հայտարարել են մրցույթ: Սխոդկայի ժամանակ քննարկվել էր նաև այն տեղեկությունը, որ մարզպետի պաշտոնին հավակնում է Լիսկան, բայց սխոդկան վստահություն է հայտնել, որ Լիսկան դեռ վերջին սպանությունը չի մարսել… Այժմ քաղաքացին բողոքում է մրցույթի պայմանների խախտումից»:

Հովիկ Աբրահամյանը հորդորեց լինել «չափի մեջ» և սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորների հասցեին. - «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգներին հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, կամ երկրի ղեկավարին կամ վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: Ուզում եմ բոլոր պատգամավորներին հրավիրել չափի մեջ, կոռեկտության մեջ, իրենց պահվածքով նաև հարգել գործադիր մարմնին: Եթե չէ` մենք բազմաթիվ ձևաչափերում կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»:

Վահան Բաբայանը (ԲՀԿ) ասաց, որ հազարավոր քաղաքացիներ չեն ուզում աշխատել «Շրջանառության հարկի մասին» նորացված օրենքով. - «Մի՞թե դժվար է դա պատկերացնել»:

Վարչապետի արձագանքը. - «Հիմա էդ ոճը` պահանջատիրական, փողոցով մեզ ահաբեկել… Միտինգ անելով, դժգոհներ հավաքելով` երկրի հարց չի լուծվում: Խոսքս նաև ուղղում եմ քառյակին` ի՞նչ եք դուք ուզում: Որ էս երկիրը իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի… Չի’ լինելու դա: Երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում էս երկրում ունենալ… Ձեր ցանկությունն ի՞նչ է»:

XS
SM
MD
LG