Մատչելիության հղումներ

Եռյակը Սուրիկ Խաչատրյանի «տարածքում» քննադատեց վերանշանակված մարզպետին


Խորհրդարանի ոչ իշխանական եռյակն այսօր Սյունիքի մարզում երկու հանրահավաք անցկացրեց՝ Սիսիանում և Կապանում:

Ելույթներով հանդես եկան «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրեսիս Վլադիմիր Կարապետյանը և ուրիշներ:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես և նախորդ` Աբովյանում և Հրազդանում տեղի ունեցած հանրահավաքներին, իշխանափոխության կոչեր հնչեցրեցին: Հանրահավաքի քննադատության հիմնական թիրախներից էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը:

Կապանում՝ մարզպետարանի շենքի մոտ անցկացվող հանրահավաքում, իրավիճակը, ինչպես և սպասվում էր՝ բավականին լարված էր:

Երբ «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը իր ելույթի ժամանակ հնչեցրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, տեխնիկական խնդիրներ առաջացան՝ նրա բարձրախոսն անջատվեց: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ սա պարզապես էլեկտրական հոսանքի անջատում էր: Րոպեներ անց Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում կրկնեց այն, ինչ ուզում էր ասել բարձրախոսով․ - «Ասածս այն է, որ իսկապես մեր երկրում այդ անարդարությունները, հակասությունները շատ են խորացել և դրա լավագույն ապացույցը այն է, որ Սուրեն Խաչատրյանին նորից նշանակել են մարզպետ, իսկ Շանթ Հարությունյանին և իր որդուն, որն իր հորն է պաշտպանել, վեց տարվա ազատազրկում է պահանջել դատախազը»:

Ելույթներից հետո մարզպետարանի շենքի դիմաց մի քանի քաղաքացիներ սկսեցին բարձրախոսներով գոչել՝ «հեռացեք, հեռացեք», իրենց այդ կոչն ուղղելով հանրահավաքի կազմակերպիչներին: Քաղաքացիներից մեկը ներկայացավ որպես Հանրապետական կուսակցության անդամ, ով աշխատում է «պետական հիմնարկում»:

Քիչ անց նաև հրմշտոց և բախում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների և մարզպետարանի մոտ բարձրախոսով կոչեր հնչեցնող վերոհիշյալ քաղաքացիների միջև:

«Նեղվում են, որ Սուրեն Խաչատրյանին Լիսկա են ասում», - մեզ հետ զրույցում տեղի ունեցածը մեկնաբանեց ՀԱԿ ակտիվիստներից մեկը, - «Ինչ-որ նեղվեցին, պաշտպանում էին: Իրենք երևի թքած ունեն, որ ինքը մարդասպան է, կամ, չգիտեմ՝ հանցագործ է: Դե՝ հրեցին»:

Ավելի վաղ հանրահավաք տեղի ունեցավ նաև Սիսիանում: Այստեղ նույնպես լարված իրավիճակ էր: Հենց հանրահավաքի սկզբում Սիսիանի հրապարակի հարևանությամբ հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը «Ազատության» հետ զրույցում ներկայացավ որպես Հանրապետական կուսակցության անդամ, և նրանք նույնպես բարձրախոսով դիմում էին հանրահավաքի մասնակիցներին՝ վանկարկելով՝ «հեռացեք» և Սերժ Սարգսյանի հասցեին գովաբանական հոդվածներ էին կարդում: Այուհետև նրանց մոտեցավ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, նրա և երիտասարդների միջև բախում տեղի ունեցավ:

«Ազատության» հետ զրույցում Հակոբջանյանը հայտարարեց, որ Սիսիանում հանրահավաքի մասնակցել ցանկացող քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են տեղի ունեցել, մասնավորապես չի աշխատել գյուղերից Սիսիան բերող հասարակական տրանսպորտը:

«Մարզպետին չեմ տեսել անձամբ, բայց գիտեմ, որ նա այստեղ է եղել: Հավաքել է ակտիվի բոլոր աշխատակիցներին, պետական կառույցների ղեկավարներին, գյուղապետերին, բիզնեսմեններին: Չեմ մասնակցել այդ խորհրդակցությանը, բայց վստահ եմ, որ քննարկվել է այսօրվա հանրահավաքին խոչընդոտելը», - ասաց քաղաքապետը, ով վստահ էր, որ իրեն այդ հավաքին չեն հրավիրել, քանի որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Քաղաքում այսօր շատ էին ոստիկանական մեքենաները. ըստ քաղաքապետի` դրանք Սիսիանի ոստիկանության մեքենաները չեն և Երևանից են ուղարկվել:

Չնայած կիրակի օրվան, ըստ Հակոբջանյանի, Սիսիանի մի շարք պետական կառույցներում և խոշոր ընկերություններում՝ հիվանդանոցներում, էլցանցում, ջրմուղ-կոյուղիում աշխատանքային օր էր հայտարարված, և աշխատավոր զանգվածը, որը պետք է գար և բողոքի ցույցին մասնակցեր, զրկվել էր այդ հնարավարությունից:

XS
SM
MD
LG