Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց, քանի որ «պարզվեց՝ ոչ մեկին չի սպանել»


Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց, քանի որ «պարզվեց՝ ոչ մեկին չի սպանել»
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Սյունիքի մարզպետի վերանշանակումը այսպես բացատրեց իշխող Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Պարզվեց, որ Սուրիկ Խաչատրյանը չի սպանել որևէ մեկին, այդ պատճառով կառավարությունը նորից նրան նշանակել է մարզպետի պաշտոնում: Այսպես պարզաբանեց իշխող Հանրապետականի փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը մարզպետի պաշտոնում վերանշանակեց Խաչատրյանին՝ հաշվի առնելով այդ անձի նկատմամբ հասարակության խիստ բացասական վերաբերմունքը:

Զոհրաբյան. - Սյունիքի այդ դեպքերից հետո՝ կապված Սուրիկ Խաչատրյանի, որդու և թիկնապահի հետ, սպանության հետ կապված՝ ինքը հրաժարական տվեց, որ դատարանը պարզի՝ ով է մեղավոր, ով է անմեղ։ Հիմա դատարանի որոշմամբ դա ձևակերպվել է որպես ինքնապաշտպանություն, և նրանց բաց են թողել։ Քննվել է և որոշվել է ինքնապաշտպանություն, այսինքն եղել է զինված հարձակում, նրանք էլ ոնց որ պատասխանել են։ Հիմա ես մանրամասները չգիտեմ, բայց դատարանն է որոշել և նրանց բաց են թողել։

«Ազատություն». - Գործը դատարան չի հասել, նախաքննությունն է ասել դա։

Զոհրաբյան. - Այո, ինքնապաշտպանություն է եղել... հիմա ժամկետը լրացել է, և կառավարությունը որոշել է նորից նշանակել մարզպետ, այսինքն ինքը էդ սպանության հետ կապ չունի։ Պարզեցին, որ ինքնապաշտպանություն է, որ Սուրիկ Խաչատրյանը չի սպանել որևէ մեկին, էդպես է պաշտոնապես, հիմա նորից մարզպետ նշանակեցին։ Հիմա ինձ հարցնում եք, ես էլ ի՞նչ ասեմ։

«Ազատություն».- Համաձա՞յն չեք այն վերլուծաբանների պնդումների հետ, որ Հանրապետականը հասկացավ՝ Սուրիկ Խաչատրյանը պարզապես անփոխարինելի է ... առաջիկայում հանրաքվեի հարց կա, ընտրությունների հարց կա, ընտրակեղծիքների հանգամանքը հաշվի առնելով՝ Սուրիկ Խաչատրյանը պարզապես անփոխարինելի է այդ պաշտոնում։

Զոհրաբյան.- Սուրիկ Խաչատրյանը ոչ թե անփոխարինելի է, անփոխարինելի մարդիկ չկան, պարզապես չապացուցվեց նրա մեղավորությունը այդ սպանության հարցում, և նա նորից վերանշանակվեց։

«Ազատություն».- Գո՞ւցե ունի իշխանությունների բարեհաճությունը։

Զոհրաբյան.- Էստեղ ամենազորի հարց չկա, էլի եմ ասում, նրա մեղքը չի ապացուցվել, և նա նորից վերանշանակվել է։

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները հիմնականում խուսափում էին որևէ կերպ արձագանքել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման դրդապատճառներին: Նրանցից Համլետ Հարությունյանն առավել անկեղծացավ՝ վստահեցնելով, թե պարզապես կարծիք չունի՝ Սուրիկ Խաչատրյանն ի վերջո դրական, թե բացասական կերպար է:

«Ես այդ հարցում կարծիք չեմ կարող արտահայտել, տարածաշրջան է, էնտեղ էլ ասում են, որ այդ մարդը բավականին կողմնակիցներ ունի։ Քրեական գործերի մասին հարցերը ուղղեք դատարանին, ես չեմ կարող ասել։ Եթե մարդուն արդարացրել են, որ նա կապ չունի, ես դրա համար որևիցե մե՞ղք ունեմ»,- հարցրեց Հարությունյանը։

Եթե հանրապետականները խուսափում են խոսել, շատ դեպքերում թաքցնում են իրենց իրական կարծիքը Սուրիկ Խաչատրյանի անձի ու նրա նշանակման դրդապատճառների մասին, ապա ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է՝ քաղաքական գործընթացները դուրս են եկել իշխանության վերահսկողությունից, և հենց իշխանությունը կորցնելու վախն է ՀՀԿ-ին դրդել կրկին դիմել Սուրիկ Խաչատրյանի օգնությանը։

«Եթե պրոցեսները իրոք իրենց վերահսկողության ներքո գտնվեին, ապա Լիսկայի նման հանցագործ տարրին չէին փորձի վերցնել նորից իրենց համար ծառայության և չէին փորձի նրա միջոցով այդ ապօրինությունները շարունակել։ Իր ծառայությունները այսօր շատ անհրաժեշտ են գործող իշխանությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը.- «Սահմանադրական հանրաքվեն, արտահերթ ընտրությունները... որպեսզի այս ապօրինի իշխանությունը պահի իր վերահսկողության ներքո և իր կողմից նախագծված սցենարով տանի այդ գործընթացները, իրեն հարկավոր են նման անձինք, ովքեր պատրաստ են ամեն տեսակի ապօրինության։ Եվ Լիսկան դրա լավագույն թեկնածուն է եղել»։

XS
SM
MD
LG