Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահեցին Սուրիկ Խաչատրյանին


Հայաստան -- Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Հայաստան -- Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահել անցյալ տարվա հունիսի 1-ին Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո մարզպետի պաշտոնից հրաժարված Սուրիկ Խաչատրյանին:

«Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան Հայաստանի Հանրապետության քաղաքացին», - դեպքից օրեր անց հայտարարել էր Սուրիկ Խաչատրյանը:

Սյունիքի մարզպետի տանը հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Նա հայտարարել էր, թե դրանք օրինական զենքեր են: Սակայն հիմա Գորիսի դատարանում շարունակվող քրեական գործի նյութերում կա Սուրիկ Խաչատրյանի տան խոհանոցային խոսակցության ձայնագրության արձանագրությունը, ըստ որի՝ նրա մերձավորներն ասում են, որ այդ զենքերն օրինական չեն: Չմոռանանք նաև, որ սպանությունից հետո ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանն Ավետիք Բուդաղյանի մահվան օրը քնած է եղել: Այդ խորը քնից ավելի քան 15 ամիս անց Սուրիկ Խաչատրյանն այսօր մարզպետի պաշտոնը կրկին ստանալով՝ հեռացել է կառավարական շենքի հետնամուտքից: Նրան զայրացրել և հունից հանել է իրեն առաջինը մոտեցած լրագրողի հարցը: Լրագրողը հարցրել է՝ «Պարոն Խաչատրյան, Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին»:

Անցյալ տարվա հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետի պաշտոնը վստահելու՝ կառավարական որոշման կապակցությամբ իր կարծիքը հայտնեց՝ «էս երկրից արդեն ամեն ինչ էլ սպասելի է»:

Բոյկոտ

Կառավարության այս որոշման վերաբերյալ լրագրողները փորձել են պարզել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ:

«Ես խնդրում եմ ձեզ հարցերը ուղղեք այն հարցադրումների և այն հարցերի շրջանակներում, որոնք Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացրել այսօրվա կառավարության նիստի շրջանակներում», - պատասխանեց նախարարը:

Արդյունքում՝ լրագրողները բոյկոտեցին նախարարի ասուլիսը:

Վախի տրամադրություն

Ըստ Էմիլ Բուդաղյանի՝ իր որդու սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ կարգելը վախ է սերմանում մարզի բնակիչների շրջանում:

«Ու վախի տրամադրության տակ պիտի էլի ապրեն, մինչև մի նոր պոռթկում չառաջանա», - ասաց նա ու հավելեց՝ «այս ժողովրդին բախտավորություն կցանկանայի, որ այսպիսի ղեկավարությունից զերծ մնան»:

Այս տրամադրությունից տեղյակ չէ Սուրիկ Խաչատրյանը: Նա վստահություն է հայտնել, թե ժողովուրդն իրեն «ընդունում է»:

Մինչդեռ սյունեցիները «Ազատության» հետ զրույցներում մի կողմից զարմանք էին հայտնում այն կապակցությամբ, որ «այդքան բանից հետո» Խաչատրյանը վերանշանակվել է, մյուս կողմից՝ հրաժարվում էին մեկնաբանել, պատճառաբանելով, թե կգան իրենց «բռնեն, տանեն, լավ էնա՝ չասենք»:

«Սադիզմ»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում Կառավարության որոշումը «սադիզմ» որակեց»:

«Ռեժիմի պարագլուխը, և նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը և մյուսները որևէ բանով ոչ միայն չեն ուզում տարբերվել Սուրիկ Խաչատրյանից, այլ պարզապես ամեն ինչ անում են նմանվելու նրան», - հայտարարեց Սամվել Հարությունյանը՝ հավելելով, թե իշխանությունը, Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելով, ապացույց է ներկայացնում․ - «Փաստորեն ապացուցվեց նաև այն, որ իշխող ռեժիմի ոգին, նրա միտքը, կամքը, խիղճը եղել և շարունակելու է մնալ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Այս ամենից հետո պարզապես մերկապարանոց է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը Միացյալ ազգերի կազմակերպության բարձրագույն ամբիոնից: Նա, ըստ էության, նմանվել է այն տխրահռչակ տերտերին, որն ասում է՝ ասածներս արեք, բայց արածներս մի արեք»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բացատրեց Սուրիկ Խաչատրյանին կրկին պաշտոն տալու պատճառը:

«Կա, այսպես ասած՝ սխոդկա անող մի շրջանակ, այլ բառ այստեղ գործածել հնարավոր չէ, որտեղ արդարադատության և այլ հարցեր են լուծվում: Նույն շահերն է այդ շրջանակի, և բնական է դարձնում, որ պետք է նշանակվեր՝ ամբողջական պատկերը ստանալու կրիմինալի: Ես համարում եմ, որ Հայաստանը նախագահ չունի: Հանրությունը գիտի, որ սպանությունը կատարել է Սուրիկ Խաչատրյանը: Հիմա, թե ինչպե՞ս է կեղծել Կոստանյանը, կամ այդ սխոդկայի ժամանակ ի՞նչ է որոշել Սերժ Սարգսյանը, էական չէ», - ասում է իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG