Մատչելիության հղումներ

Ասոցացման համաձայնագիրը մնում է ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում


Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ` Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում:

Եվրամիության հետ Հայաստանի գլխավոր բանագնացը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտոնական Երևանը այժմ աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»:

«Սա մի գործընթաց է, որին պետք է ժամանակ տալ: Որովհետեւ կանք մենք, կա Եվրամիությունը, և մենք միասին պետք է աշխատենք: Ես չեմ ուզում ասել, որ չի լինելու Ասոցացման պայմանագիր: Ինչո՞ւ չէ: Մենք ձգտում ենք դրան: Բայց պետք է աշխատենք, որովհետև սա իրավական աշխատանք է լինելու, սա լինելու է աշխատանք փորձագետների ներգրավմամբ, բանակցողների ներգրավմամբ, և պետք է գտնել համապատասխան ձևը: Սա երկու կողմ է, և միասին պետք է աշխատենք: Իհարկե, հնարավոր է, որ մենք ունենանք այն, ինչին ձգտում ենք, և հաստատենք Ասոցացման պայմանագիրն այնքանով, որքանով դա համապատասխանում է մեր նպատակներին և ներկայիս իրավիճակին», - նշեց փոխարտգործնախարարը:

Միաժամանակ, դիվանագետը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովի վրա ու դիտարկել այն որպես վերջնաժամկետ. - «Պետք է զգույշ լինենք, որովհետև սա ինչ-որ մի գործընթաց չէ, որը կարելի է արագ անել: Վիլնյուսը շատ կարևոր հանգրվան է, կարևոր ժամկետ է, բայց Վիլնյուսից հետո էլ կա կյանք, կան հարաբերությունները, որոնք շարունակվելու են: Ուստի կենտրոնանալ զուտ Վիլնյուսի վրա, ես ավելի զգույշ կլինեմ: Իհարկե, ձգտելու ենք լավագույնս ունենալ, բայց պետք է հաշվի առնենք, որ սա երկու կողմերի միջև հարաբերություններ են, և մենք միասին աշխատելու ենք: Ձգտումը կա»:

Դիտարկմանը, թե քաղաքական և դիվանագիտական որոշ շրջանակներ չեն բացառում, որ հնարավոր է նոյեմբերին Հայաստանը որևէ քաղաքական հռչակագիր կամ հայտարարություն ստորագրի Եվրամիության հետ, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց, թե այդ ձևաչափը ևս քննարկվող տարբերակներից է. - «Ընթանում է գործընթաց, խորհրդակցություններ, երկխոսություն: Եվ այս երկխոսության միջոցով մենք կգտնենք ձևը»:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծավալը մեծ է, և Մաքսային միությանը միանալու որոշմամբ այս օրակարգում փոփոխություններ չեն լինելու. - «Մենք կարիք ունենք նորոգելու, արդիականցնելու մեր հարաբերությունների իրավական հիմքերը: Եվ այդ գործը մենք շարունակելու ենք: Ասոցացման պայմանագիրը բավականին մեծ, ծավալուն փաստաթուղթ է, որը առնչվում է բավական մեծ ծավալով բնագավառների, և այդ պայմանագիրը` այն, ինչ որ մեր բանակցում ենք, բավականին լավ հիմք է` տեսնելու, թե ինչպես մենք կարող ենք արդիականացնել, նորոգել մեր հարաբերությունների իրավական հիմքերը»:

4 տարի եվրոպացի գործընկերների հետ բանակցած դիվանագետը հարցին, թե դառնացած չէ, որ արդեն ավարտին հասցված աշխատանքը ստիպված է նոր էջից սկսկել, երբ փաստաթղթի նախաստորագրմանն ընդամենը երկու ամիս էր մնացել, արձագանքեց. - «Իմ անձնական պայմանագիրը չեմ բանակցում, աշխատում եմ մեր կառավարության համար և մեր երկրի համար... Չմոտենանք այնպես, որ վերջ, աշխարհը այսպես ասած փլվեց, և ամենը գնաց: Որովհետև կա, գոյություն ունի արդյունք, և դրա օգտակարությունը, վստահ եղեք, որ իր արտահայտությունը կգտնի»:

Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով էր բերել Բրյուսելում ստորագրված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին:

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, փոխարտգործանախարարին հիմնականում Ասոցիացման համաձայնագրի հետագա ճակատագրի մասին էին հարցեր ուղղում:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ով էր բանակցում Մաքսային Միության հետ, Զոհրաբ Մնացականյանը ուշագրավ պատասխան տվեց. -«Կառավարության կողմից եղել է որոշում, որ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն տարբեր ուղղություններով` Հայաստանին նախապատրաստելու այս գործընթացին: Բանակցությունները որպես այդպիսին, գործընթացը դեռևս չի սկսվել»:
XS
SM
MD
LG