Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթնաժողովին


Բելգիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրամիության կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Բելգիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրամիության կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Ըստ Լիտվայում Հայաստանի դեսպանի՝ մինչև գագաթնաժողովը Երևանը ձգտելու է ամրապնդել Եվրամիության հետ երկխոսությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այս մասին երեքշաբթի օրը
հաղորդագրություն է տարածել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի մամուլի ծառայությունը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասին ասել է, որ Հայաստանը գագաթնաժողովին մասնակցելու է նախագահի մակարդակով, Սերժ Սարգսյանը լինելու է Վիլնյուսի գագաթնաժողովում:

Դեսպանի խոսքերով՝ մինչև գագաթնաժողովը պաշտոնական Երևանը ձգտելու է ամրապնդել Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը: Նա ասել է, որ Վիլնյուսում Հայաստանը ակնկալում է ստորագրել մի արձանագրություն, որը կամրապնդի «Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ եռամյա բանակցությունների ձեռքբերումները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեռ հոկտեմբերի սկզբին, Հայաստանի նախագահը Ստրասբուրգում, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթից հետո պատասխանելով հարցերին, ասել էր, թե Հայաստանը ներկա կլինի Վիլնյուսի գագաթնաժողովում, բայց ինչ մակարդակով՝ չէր հստակեցվել:

Վիլնյուսի գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 28-29-ը, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրավերներ է ուղարկել Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրներին: Հրավերները ստորագրել են Լիտվայի նախագահը, Եվրամիության նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը:

Լիտվայի փոխարտգործնախարարը հրավերները փոխանցել է Լիտվայում հավատարմագրված Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Բելաոռւսի և Ուկրաինայի դեսպաններին: Բայց, ինչպես հայտնի է, Բելառուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը Եվրամիության անդամ երկրներ արգելվում է: Այս պատժամիջոցը Եվրամիությունը ընդունել է, քանի որ Բելառուսում բռնաճնշումներ են կիրառվում ընդդիմության նկատմամբ, ոտնահարվում են մարդու իրավունքները: Լիտվան Եվրամիության անդամ է, և, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, լիտվացի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բելառուսին ուղղված հրավերում Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը չկա: Բայց երբ լրագրողները փորձեր են ճշտել՝ արդյոք Լուկաշենկոն հրավիրվա՞ծ է գագաթնաժողովին, Լիտվայի արտգործնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ հրավերները հղված են պետություններին, այլ ոչ թե կոնկրետ պաշտոնյաների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG