Մատչելիության հղումներ

Բրյուսելում կհանդիպեն Նալբանդյանը և Էշթոնը


Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի համատեղ ասուլիսը Երևանում, 17-ը նոյեմբերի, 2011թ․
Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի համատեղ ասուլիսը Երևանում, 17-ը նոյեմբերի, 2011թ․

«Հայաստանը և Եվրամիությունը քննարկելու հարցեր ունեն, և սա լավ հնարավորություն է», - ասում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակը:

Այսօր Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Թե հատկապես ինչ են քննարկելու Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ «Ազատություն» ռադիկոյանի հետ զրույցում հայտնեց Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը․ - «Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերությունների դրությունը, ինչպես նաև նոյեմբերին կայանալիք Արևելյան հարևանության Վիլնյուսի գագաթնաժողովից սպասումները»:

«Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին, թե Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ հատկապես ի՞նչ հարցեր են քննարկվելու Բրյուսելում, Էշթոնի խոսնակը պատասխանեց. - «Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններում հաջորդող քայլերը: Դուք գիտեք, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը, բայց մենք լավ տեղյակ ենք Հայաստանի վերջին որոշմանը, և սա երկու կողմերի համար էլ ընդառաջ քայլ է: Նկատի ունեմ՝ Հայաստանը և Եվրամիությունը քննարկելու հարցեր ունեն, և սա լավ հնարավորություն է»:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է արդյոք, որ Վիլնյուսում որևէ տեսակի փաստաթուղթ ստորագրվի, Մայա Կոչիյանչիչը արձագանքեց․ - «Եվրամիությունը շարունակելու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն սա, իհարկե, հնարավոր է միայն այն ոլորտներում, որոնք համատեղելի են վերջերս Երևանի կողմից հայտարարված Մաքսային միության անդամակցության հետ: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ մենք աշխատենք Հայաստանի հետ` հասկանալու համար, թե ինչպես կարելի է առաջ շարժվել»:

Ի դեպ, Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանն էլ վաղը քվեարկելու է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և Եվրոպայում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիների հետընդունման համաձայնագրերի համար, որոնք կողմերի միջև ստորագրվել, ապա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն են արժանացել ամիսներ առաջ՝ մինչ Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG