«Հրապարակ»-ը նշում է, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով խորհրդարանում երեկ ընթացող խոսակցությունը «չափազանց ոչ իրավական էր` Քրեական օրենսգրքի դրույթների տեսակետից անհամոզիչ, իսկ մարդկային հռետորաբանության տեսակետից պարզապես կասկածելի»: «Բայց ամենակարեւորն այն է, որ մարդկային ճակատագրեր որոշող դատախազն ու պատգամավորները տարրական բաներ չգիտեն: Ասենք այն, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, նրա մեղքը պետք է ապացուցի իրավապահ մարմինը: Որ նման լուրջ մեղադրանքներ առաջադրելու դեպքում պարտադիր են տուժողի առկայությունն ու բողոքը: Ի վերջո` որ պետության հեղինակությունը նման «մեղադրանքներն» ավելի են խարխլում, քան բուն այդ հանցագործությունները», - ընդգծում է թերթը։