«168 ժամ»-ը գրում է. - «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը մի քանի իրողություններ արձանագրեց` մի կողմից` պատասխանելով մի շարք հարցերի, մյուս կողմից` առաջացնելով նոր հարցադրումներ։ Քոչարյանի հայտարարության առաջին արձանագրումն այն էր, որ նա Վարդան Օսկանյանին ավելի շատ է համարում իր թիմակիցը, քան Օսկանյանի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մինչ օրս ոչ միայն որեւէ հրապարակային խոսք չի ասել իր քաղաքական ուժի երկրորդ դեմքը համարվող գործչի շուրջ կատարվող գործընթացների մասին, այլեւ ընդհանրապես հանրապետությունում չէ։ Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության բովանդակությունը ցույց տվեց, որ լայն իմաստով նա իրեն չի համարում (կամ փորձ է արվում այդպես ներկայացնել) Օսկանյանի դեմ կատարվող գործողությունների քաղաքական հասցեատերը»։