«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ մեր իշխանությունը գնաց համարձակ քայլի` միանգամից 37.5 տոկոսով բարձրացրեց գազի սակագինը: Այս օրերին, երբ Հանրապետության հրապարակը չի դատարկվում, երբ մարդկանց դժգոհ բազմությունները հերթագայում են իրար, առնվազն պետք է քեզ Սասունցի Դավիթ զգաս, որ ժողովրդական դժգոհության նոր օջախ ստեղծես ու չվախենաս դրա հետեւանքներից: Իսկ առջեւում մարտի 1-ն է` օր, որի մասին հիշողությունը հասարակության մեջ չի մարել, եւ ընդդիմությունը չի էլ թողնելու, որ մարի: Թանկացումներ, մարտիմեկյան անմեղ զոհեր, հարկային սխալ քաղաքականություն, քաղբանտարկյալներ` վտանգավոր շարք է, որը կարող է երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հիմք հանդիսանալ: Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը նման զարգացման, եւ ի՞նչ քայլեր է նախատեսել: Մի՞թե կարծում են, որ վախի եւ հակադրանքի միջոցները հավերժ գործող են, եւ հնարավոր է դրանցով զսպել մարդկանց դժգհությունը»: