«Ես գիտեի, թե ընդհանրապես հակառակն է՝ քննչական մարմինը պետք է ապացուցներ գտնի։ Նույն տրամաբանությամբ դատախազությունը նաև Ժոզեպ Բորելին պետք է հարցաքննի ու ապացույցներ պահանջի», -երեկ երեկոյան դատախազության հրավերին այսպես արձագանքեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ճեպազրույցի մեկնարկին նախ ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ տեսանյութեր ցուցադրեց ու հայտարարեց՝ հասարակությունն անհապաղ քննություն է պահանջում, այլ ոչ քաղաքական գործընթաց նախագահի դեմ։
«Սրանք փաստեր են, փաստեր, որոնք բոլորը գիտեն, քննչականն ու դատախազությունը պետք է քննություն սկսեն, որովհետև եղել են խախտումներ, որոնք բոլորն են նկատել», - պնդեց նա։
Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում շաբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքները, պնդում են, թե ձայների 54 տոկոսը ստացած իշխող «Վրացական երազանք»-ի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։
Վրաստանի դատախազությունը երեկ տեղեկացրեց, որ ընտրակեղծիքների մասին հայտարարության համար քննություն է սկսում՝ հաջորդ օրը նախագահին հրավիրելով հարցաքննության։ Իշխանություններն էլ շտապեցին հայտարարել, թե եթե նախագահը հրաժարվի ներկայանալ, ուրեմն մեղադրանքները կեղծ են։
Ընդդիմությունից դատախազության հրավերը աբսուրդ որակեցին։
Բորելը իրավապահներին թափանցիկ ու անկախ քննության կոչ է արել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իրավապահներին թափանցիկ ու անկախ քննության կոչ է արել։ Եվրամիության բարձր ներկայացուցիչը Վրաստանի հետընտրական զարգացումները «շատ մտահոգիչ» է որակել։
«Շատ կարևոր է ուշադիր հետևել ընտրախախտումների քննության շուրջ առաջիկա իրադարձություններին», - ասել է նա։
Կոշտ գնահատականներին զուգահեռ, սակայն, Եվրամիությունը դռները չի փակում։ Հայտարարում են՝ Վրաստանի իշխանության քաղաքական կամքի դեպքում իրենք դարձյալ մերձեցման ճանապարհ կառաջարկեն։
«Օտարերկրյա թափանցիկության ազդեցության մասին» օրենքի չեղարկումը և այսպես կոչված՝ «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը, խտրականությունը Եվրամիության մեր ընտանիքում արժեք չէ։ Սա վրացական իշխանությունների կողմից առաջին նշանը կլինի», - հավելել է Բորելը։
Վրաստանի իրավապահ մարմինների տվյալներով՝ ընտրական հնարավոր հանցանքների 47 քրեական գործ է քննվում։
Ընտրություններից 5 օր անց քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելու տարածված տեսանյութի հետքերով երկու անձ է բերման ենթարկել, նրանց մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում հաճախակի գրառումներով քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալ՝ հայտարարելով, թե «պետք է փրկել երկիրը»։
«Ընտրությունները գողացան, առաջին ու միակ հանրահավաքը ցրվեց երկու ժամում։ Բացի անվերջ հանդիպումներից, ոչինչ տեղի չի ունենում», - գրել է նախկին նախագահը։