Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը դատախազություն է հրավիրվել


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ի հանրահավաքի ժամանակ, Թբիլիսի, 2024թ.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ի հանրահավաքի ժամանակ, Թբիլիսի, 2024թ.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն դատախազություն է հրավիրվել։ Իրավապահ մարմինը հայտարարության մեջ նշում է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա։

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և հանրային դաշտում ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքները հավաստող ապացույցներ, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հրավիրվել է հարցաքննության 2024 թվականի հոկտեմբերի 31-ին», - նշված է հայտարարության մեջ:

Վրաստանի դատախազությունը խոստանում է իրականացնել «բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները»՝ նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և դիտորդական առաքելությունների կողմից բարձրացված փաստերի ուսումնասիրման նպատակով:

Նախագահ Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները ավելի վաղ պնդել են, որ մոտ 300 հազար ձայն կեղծվել է իշխող «Վրացական երազանք»-ի օգտին, որը ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը: Նախագահը և ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են «անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ»:

XS
SM
MD
LG