Մատչելիության հղումներ

Ժան-Նոել Բարոն Ֆրանսիայի աջակցությունը հայտնեց խաղաղության պայմանագրին, պաշտպանական համագործակցությանը


«Ես եկել եմ՝ Հայաստանում ևս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ, կայուն և ամբողջական», - Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Նա նշեց, որ Փարիզն առաջին հերթին աջակցում է խաղաղության համաձայնագրին Բաքվի հետ:

«Ցանկանում եմ այստեղ ողջունել նաև վարչապետ Փաշինյանի համարձակությունը: Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու: Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Եվրոպան:

Աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականությանը», - ասաց ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան:

Նա ընդգծեց նաև պաշտպանական համագործակցության մասին՝ «լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը»:

«Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունը, սուվերենությունը», - հավելեց Բարոն:

Նախարարը հայտնեց, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:

Հարցին, թե արդյոք Ֆրանսիան և Հայաստանը պատրաստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ, այդ համատեքստում ինչպե՞ս է գնահատում ՌԴ դերը տարածաշրջանում, ում հետ հարաբերությունները, ինչպես Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, բարդ են, Ժան-Նոել Բարոն արձագանքեց՝ նախ նշելով, որ «երկու երկրների և ժողովուրդների միջև արդեն մեծապես ռազմավարական են» հարաբերությունները:

Լավրովի հայտարարությունների մասին ֆրանսիացի նախարարը միայն ասաց. «Այս վերջին օրերին ինչը տեսել ենք Ուկրաինայում, այսինքն՝ ամենադաժան հարձակումներից մեկը ռուսական ագրեսիայից ի վեր, մենք ունենք հստակ ուղերձ՝ մենք ցանկանում ենք խաղաղություն, և որպեսզի խաղաղությունը հստակ լինի, նախևառաջ պետք է հրադադար լինի, որը հնարավորություն կտա իրականացնել պատշաճ բանակցություններ»:

Նա հավելեց՝ Ֆրանսիան, Եվրոպան պատերազմի մեջ չեն Ռուսաստանի ու ռուս ժողովրդի դեմ, սակայն դիմադրում են «պուտինիզացիային՝ ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը»:

Արարատ Միրզոյանը համաձայնեց Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասին հայտարարություններին. «Ինչպես արդեն ասվեց, մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեր խորը համագործակցությունը նաև փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անունները և որակավորումները կրի»:


XS
SM
MD
LG