Երևանը բարձր է գնահատում Փարիզի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում: Այսօր իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է», - նշեց նա:
Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին:
Ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն կա նաև Անկարայի հետ՝ Միրզոյանն ասաց. «Տրամադրված ենք նոր, խաղաղ, անվտանգ տարածաշրջան կառուցելուն»:
Ժան-Նոել Բարոն այսօր է ժամանել Երևան:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում: