Հայաստանի Սահմանադրությունը փոխելու օրակարգը Երևանի համար անընդունելի է, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ազատություն»-ը Միրզոյանից հետաքրքրվել էր, թե ինչ հարցեր են քննարկվում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում՝ Բաքվի նախապայմաննե՞րը, դրանցից հրաժարո՞ւմը, թե՞ դրանց կատարումը:
«Քննարկումները կարող են գնալ ոչ անպայման ընդունել կամ ամբողջությամբ մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին և փորձենք լուծում գտնել», - նշեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Արարատ Միրզոյանը շեշտեց, որ եթե Բաքուն իսկապես մտահոգվում է, թե Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ խնդրի լուծումը համաձայնագրի ստորագրումն է:
«Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որովհետև պայմանագիրը ստորագրելուց հետո պիտի վավերացման գործընթաց անցնի», - ասաց նա՝ հավելելով, որ այնուհետ պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան, որն էլ հենց այն կառույցն է, որ կարող է մեկնաբանել երկրի Սահմանադրությունը:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Պաշտոնական Երևանը բազմիցս պնդել է, որ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան հարևան երկրի նկատմամբ: Դա կրկնեց նաև վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը: Այսօր նա հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:
Անդրադառնալով Բաքվի մյուս պայմաններին՝ արտգործնախարար Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հավելեց. «Ադրբեջանը նշում է պայմաններ, որոնց կատարումը, ըստ ադրբեջանական կողմի պետք է ավելի դյուրինացնի խաղաղության պայմանագրի կնքումը: Ինչ վերաբերում է պայմանների մի խմբին, օրինակ՝ Մինսկի կառույցներին, ապա օրակարգը մեզ համար քննարկելի է, եթե չկա կոնֆլիկտ, բայց չկա կոնֆիլկտ, մենք հասկանում ենք ինստիտուցիոնալիզված կերպով՝ ստորագրված, վավերացված, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող կառույցների անհրաժեշտությունը»: